News
26/09/2024
Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը

Կյանքից հեռացել է Մեքենագիտության և մեխանիզմների տեսության, ռոբոտոտեխնիկայի ասպարեզի ականավոր գիտնական,  գիտության և բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ, ընդգծված հայրենասեր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Յուրի Լևոնի Սարգսյանը:

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 9-ին՝ Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1964թ. ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մասնագիտությամբ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը,  1975թ.՝ դոկտորական ատենախոսությունը, երկու տարի անց նրան  շնորհվել է պրոֆեսորի կոչում: 

1971-1972թթ. անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի  համալսարանում, իսկ 1977-78թթ. Ստենֆորդի և Իլլինոյսի համալսարաններում աշխատել է որպես հրավիրված պրոֆեսոր:

Սկսելով իր աշխատանքային գործունեությունը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ՝ Յուրի Սարգսյանն այնուհետև անցել է փայլուն ուղի՝  դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, իսկ 1988թ. ընտրվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ռեկտոր՝ մնալով բուհի ղեկին մինչև 2006 թվականը: Նրան վիճակված էր  դառնալ նախաձեռնողն ու գաղափարախոսը Հայաստանում բարձրագույն կրթության  կառուցվածքային-ծրագրային արմատական ռեֆորմի, որի նպատակն էր բարձրագույն կրթության համակարգը մերձեցնել ընդունված միջազգային չափանիշներին և հարմարունակ դարձնել այն շուկայական տնտեսության փոփոխվող կարիքներին և պահանջմունքներին:

Յուրի Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ Պոլիտեխնիկականը 1992թ. վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և ԱՊՀ երկրների տարածքում առաջինն անցավ Բոլոնիայի գործընթացով ամրագրված  եռաստիճան կրթական համակարգին: Յուրի Սարգսյանն էական ներդրում ունի նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի և  Արցախի պետական համալսարանի հիմնման գործում: Երկար տարիներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկինում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդների անդամ էր:

Բազմաբեղուն գիտնականը հեղինակ է միջազգային լայն ճանաչում ստացած  մենագրությունների և մեծաքանակ գիտական հոդվածների,  որոնք  նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսությանը և ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը: Հետազոտությունների  արդյունքները ներկայացվել են մեխանիզմների և մեքենաների տեսության II-X համաշխարհային համաժողովներում, Ամերիկյան ինժեներ-մեխանիկների ընկերության համաժողովներում, տեսական  և  կիրառական մեխանիկայի, մեխանիզմների և մեքենաների տեսության միութենական համագումարներում,  միջազգային այլ գիտաժողովներում: 

Յուրի Սարգսյանը հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղղություն՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափություն, որը ստացել է լայն միջազգային ճանաչում: Ուղղության տեսական հիմունքները շարադրված են հեղինակի «Аппроксимационный синтез механизмов» մենագրությունում (М., Наука,1982), իսկ նոր տեսական  ապարատի հիմքի վրա ստեղծված մեխանիզմների ապրոքսիմացիոն սինթեզի մեթոդաբանությունը և ունիվերսալ ալգորիթմական մեթոդները՝ «Кинематика, динамика и точность механизмов» գրքում:     

Իր ծանրակշիռ գիտական վաստակի համար Յուրի Սարգսյանը 1986թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ․՝ իսկական անդամ: 1989-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1994թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ: 

Ակադեմիկոս Յուրի Սարգսյանը վարել է նաև ակտիվ գիտահասարակական գործունեություն:1991-1995թթ․ եղել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM) գործադիր կոմիտեի անդամ, իսկ 1998թ․ այդ ֆեդերացիայի Հայաստանյան անդամ-կազմակերպության նախագահն էր: 1994թ. ընտրվել է Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ, 1995թ.՝ իսկական անդամ: Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան մի քանի գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ էր, ՀԱՊՀ «Բանբեր»  հանդեսի գլխավոր խմբագիրը: 1995թ․ նա գիտական աստիճանաշնորհման «Մեքենաշինություն և մեքենագիտություն»  034 մասնագիտական խորհրդի նախագահն էր:

1995թ. օգոստոսին Միլանում տեղի ունեցած IFToMM-ի IX Համաշխարհային համաժողովում Յուրի Սարգսյանին շնորհվել է IFToMM-ի հատուկ մրցանակը՝ մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում ակնառու ծառայությունների համար:

Յուրի Սարգսյանը նաև ճանաչված հասարակական և պետական գործիչ էր: 1990-1995 թթ. Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի Անկախության հռչակագրի, ՀՀ առաջին Սահմանադրության, կրթության և գիտության վերաբերյալ օրենքների մշակման գործում: 

2008թ. արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման, 2011թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, պարգևատրվել է մեծաքանակ շքանշաններով և մեդալներով:

Հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն ու վաստակաշատ զավակներից մեկին: Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, աշակերտներին, գործընկերներին:Անմար հիշատակ սիրելի Յուրի Լևոնի Սարգսյանին:

ՀՀ ԳԱԱ Նախագահություն
ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք