News
23/09/2024
ՀՀ կառավարությանը ներկայացվել են բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը ՀՀ կառավարությանը ներկայացրել է բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ: 

Օրենսդրական առաջարկությունների փաթեթը մշակել է աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի որոշմամբ՝ սույն թվականի օգոստոսի 28-ի նիստի ժամանակ։

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տրվել են հետևյալ առաջարկությունները․

  1. ՀՀ բուսական աշխարհի սեփական ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքը, այն է՝ գենետիկական ռեսուրսների պահպանման, կայուն օգտագործման և մատչելիության հետ կապված հարցերն անհրաժեշտ է կարգավորել ներազգային օրենսդրությամբ:
  2. Հարկ է հստակ տարանջատել ինչպես գենետիկական ռեսուրսների սեփականության և փաստացի տիրապետման ռեժիմները, այնպես էլ սեփականության կամ փաստացի տիրապետման իրավունքների սուբյեկտ-ները։
  3. Գենետիկական ռեսուրսների մատչելիությունը, տարբեր պետությունների հետ դրանց փոխանցման պարագայում հետագծելիության կառավարումը, դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործումը պետք է իրականացվի համաձայն ներպետական օրենսդրության, կառավարելի ռիսկերով և առաջնորդվելով երկրի ազգային շահով։ 
  4. Գենետիկական ռեսուրսների հավաքն անկախ նպատակից՝ առևտրային, գիտահետազոտական և այլն, չպետք է վտանգի բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը:
  5. Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր  համաձայնություն, որը կսահմանի տվյալ գենետիկական ռեսուրսների ծագման երկրի գործադիր մարմնի նախապես հիմնավորված համաձայնությունը, գենետիկական ռեսուրսների հավաքման տարածքը, հավաքելու արդյունքում ակնկալվող օգուտների ձևերը և չափերը, տվյալ գենետիկական ռեսուրսների հավաքի ժամկետները, նպատակները:
  6. Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր  համաձայնություն, թե ինչ պայմաններով կարող է ձեռք բերված գենետիկական նյութը տարհանել կամ փոխանցել այլ կողմի: 
  7. Նախապես կնքված պայմանագրի և նախատեսված պայմանների չկատարման կամ խախտման դեպքերում կիրառել տուգանքներ, դիտարկել պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման և այլ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ, մշակել պայմանագրից ծագած վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմներ:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․09․2024թ․