News
13/09/2024
Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով` ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, պատմաբան Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի բանասերները, գրականագետները, պատմաբանները կներկայացնեն Վալերի Բրյուսովի գործունեությունը, գրական ժառանգությունը, նրա ներդրումը հայ մշակույթի նվաճումների թարգմանության ու մասսայականացման, հայ և ռուս մշակույթների մերձացման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.09.2024թ․