| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ՝ նվիրված վիրուսային համաճարակների կենսաբժշկական խնդիրներին: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման» լաբորատորիայի վարիչ Հովհակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։ Կներկայացվեն համաճարակաբանական, վիրուսային էվոլյուցիոն գենետիկային և վիրուսային էկոլոգիային նվիրված ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն նոր առաջացող վիրուսների դեմ պաշտպանության ամրապնդմանը: Կզեկուցվեն Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին։ Կքննարկվի վիրուսային նոր համաճարակներին կամ համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման նպատակահարմարության հարցը։ |