News
09/09/2024
Միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

Սույն թվականի սեպտեմբերի 10-12-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով - 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)։

Գիտաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ, գումարվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն երեք մայրցամաքների 12 երկրների (ԱՄՆ,  Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Հայաստան, Ղազախստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի «Очерки о Сергее Параджанове» աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), 2023), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, աշխատության (Երևան, 2024) և «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան), 2024) շնորհանդեսները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․09․2024թ․