News
17/07/2024
ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահան Քոչարյանը

Սույն թվականի հուլիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Քոչարյանը։ 

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գործունեությունը միտված է կոնդենսացված վիճակի ֆիզիկայի, նյութագիտության, ակուստաֆիզիկայի, ակուստիկայի և պլազմայի բնագավառներում միջազգային չափանիշներին և որակին համապատասխան գիտական հետազոտությունների, ինչպես նաև կարևորագույն և հեռանկարային ուղղություններով ինովացիոն բնույթի առաջադեմ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։ Ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում ինստիտուտում կատարված աշխատանքները և անելիքները՝ Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գործում է 10 լաբորատորիա և ներկայացրեց դրանց աշխատանքը։

Ինստիտուտի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով վերջին երկու տարիներին ձեռք են բերվել նոր սարքավորումներ և իրականացվել են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ։
«Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարաններում  վերջին 3 տարիների ընթացքում տպագրված հոդվածների թիվն ավելացել է։ 2022թ-ին այս շտեմարաններում տպագրվել է 23, 2023թ-ին՝ 34, իսկ 2024թ-ին՝ 43 գիտական հոդված։ Վերջին 3 տարում ինստիտուտում ավելացել են գիտաշխատողները՝ 2020 թ. 120-ից 2024թ-ին դառնալով 130։  

Ընդլայնվել են միջազգային համագործակցության շրջանակները Իտալիայի միջուկային ֆիզիկայի հետազոտությունների ազգային լաբորատորիաների հետ ռետգենյան օպտիկայի և կանալացման նորագույն տեխնոլոգիաների մշակման ոլորտում, Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ լաբորատորիայի շրջանակներում ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայի զարգացման ուղղությամբ, Լոնդոնի Ջոն Ադամսի ինստիտուտի հետ գիգա-տերահերց տիրույթի տոմոգրաֆիայի և սպեկտրոսկոպիայի զարգացման ուղղությամբ։ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացիալ ինստիտուտի հետ կնքվել է մեծ էներգիայով մասնիկների ճառագայթման խնդիրների շուրջ համատեղ հետազոտությունների պայմանագիր։ Ընդլայնվել են համագործակցության շրջանակները ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միրոէլեկտրոնիկայի և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիական պրոբլեմների ինստիտուտի և Կուրչատովի ինստիտուտի հետ։

«Տեղական գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունն է բավականին ակտիվացվել։ Կուզենայի հատուկ նշել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ արագացուցչի վրա իրականացվող հետազոտությունները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի հետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ գտածոների տոմոգրաֆիկ և սպեկտրալ հետազոտությունները»,- ասաց Վահան Քոչարյանը: Նա նշեց, որ հաստատվել է ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Որպես միջնաժամկետ թիրախ՝ առաջիկա  5  տարվա համար նախատեսվում է.

  • միջազգային դրամաշնորհային ծրագրերի, թեմատիկ ծրագրերի և այլ ծրագրերի իրականացման արդյունքում ներգրավված ֆինանսավորումը դարձնել առնվազն բազային ֆինանսավորմանը համարժեք
  • Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը յուրաքանչյուր գիտաշխատողի հաշվով հասցնել 1-ի։
  • նոր, թանկարժեք գիտահետազոտական սարքավորումների ձեռքբերում >3
  • նոր միջգիտակարգային ու միջգերատեսչական հետազոտություններ >2
  • ինստիտուտ-ԲՈՒՀ կապի ուժեղացում՝ առնվազն մեկ կրթական ծրագիր, առնվազն մեկ բազային ամբիոն
  • ինստիտուտ-դպրոց կապի ուժեղացման և դպրոցականների հետաքրքրությունը դեպի ֆիզիկա առարկան մեծացնելու նպատակով ստեղծել ֆիզիկայի ժամանակակից կաբինետ-լաբորատորիա՝ գիտահանրամատչելի սեմինարներ և լաբորատոր աշխատանքների անցկացման համար։

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մինչև 2022 թ. աշխատել է ավագ լաբորանտի, կրտսեր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի և լաբորատորիայի վարիչի պաշտոններում, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, 2023-2024թթ.՝ ինստիտուտի տնօրենն է։ Վահան Քոչարյանը 80 գիտական հոդվածի և արտոնագրերի հեղինակ է։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17.07.2024թ.