News
12/07/2024
«Կենսաբազմազանության պահպանության մարտահրավերներն Անտրոպոցենում»․ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսորի զեկուցումը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հուլիսի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց  Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրո Կիարուչիի գլխավորած բուսաբանների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նա կարևորեց Բոլոնիայի համալսարանի համագործակցությունը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ և նշեց, որ Ալեսանդրո Կիարուչիին Իտալիայի ամենահայտնի բուսաբաններից է։ Ալեսանդրո Կիարուչին եղել է Իտալիայի բուսաբանական միության նախագահը, Բոլոնիայի համալսարանի Կենսաբանական, երկրաբանական և բնապահպանական գիտությունների բաժնի ղեկավարը, Բոլոնիայի բուսաբանական այգու գիտական տնօրենը։ 

Պրոֆեսոր Կիարուչին հանդես եկավ «Կենսաբազմազանության պահպանության մարտահրավերներն Անտրոպոցենում» զեկուցմամբ։ Նա ներկայացրեց կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները: Այնուհետև, քննարկվեցին կենսաբազմազանության վրա մարդու գործունեության հետևանքները, աճելավայրերի կորուստը և մասնատումը, կլիմայի փոփոխության ազդեցությունն 

էկոհամակարգերի վրա, տեսակային կազմի փոփոխությունները ժամանակի և տարածության մեջ։ Նշվեց կենսաբազմազանության մարտահրավերներին անդրադառնալու հրատապությունն ազգային և միջազգային մակարդակում, կենսաբազմազանության արդյունավետ պահպանության երկարաժամկետ պլանավորման կարևորությունն էկոլոգիական հավասարակշռության ապահովման և մարդու բարեկեցության համար:

Պրոֆեսոր Կիարուչին Հայաստան է ժամանել Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան 

բուսաբանության ինստիտուտի  կողմից իրականացվող «Հայաստանում երկրաբազմազանության և կենսաբազմազանության փոխազդեցությունն անտառային և տափաստանային բնակմիջավայրերում էկոկլիմայական գրադիենտի երկայնքով. գլոբալ տաքացման հետևանքների համար կիրառվող տեսական հայեցակարգ» հայ-իտալական ծրագրի շրջանակում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.07.2024թ․