| ||||||||
Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տարեվերջյան համերգը և Կերպարվեստի բաժնի ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 80-ամյակին։
«Հուզված եմ և հիացած։ Հուզված եմ, որ մեր ինստիտուտի ծննդյան կապակցությամբ երեխաների կատարմամբ այսպիսի թանկ նվեր ստացանք։ Հիացած եմ դպրոցի սաների կատարողական բարձր մակարդակով, տարբեր դարաշրջանների, տարբեր երկրների կոմպոզիտորների, տարբեր ոճերի ստեղծագործությունների պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ։ Այս համերգը երկար կմնա մեր սաների հիշողության մեջ, քանի որ նրանք առաջին ու միակ դպրոցականներն են, ովքեր ելույթ ունեցան Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի այս եզակի դահլիճում»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ «Այսօր շատ պատվավոր օր է մեր դպրոցի համար, բոլորիս համար, որովհետև պատիվ ունենք Գիտությունների ազգային ակադեմիայի պատերի ներքո ներկայացնել այն, ինչ արել ենք անցած մեկ տարվա ընթացքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Գարեգին Սնգրյանին և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, որ դպրոցը հագեցած է անհրաժեշտ պարագաներով և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում», - իր ելույթում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը։ Արվեստի ինստիտուտը որպես ինստիտուտ գործում է 1958 թվականից, սակայն նրա հիմքում ՀԽՍՀ ԳԱ կազմում 1944 թվականին ստեղծված Երաժշտության պատմության և տեսության (1948-1958թթ.՝ Արվեստների պատմության ու տեսության) սեկտորն է, որը 1944-1848 թվականներին ղեկավարել է կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանը՝ դառնալով Հայաստանում ակադեմիական երաժշտագիտության հիմնադիրը։ |