News
28/06/2024
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ վերջին համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2008թ. ՀՀ ԳԱԱ-ի և Սփյուռքի նախարարության միջև։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը:

Քննարկման արդյունքում որոշվեց ՀՀ ԳԱԱ և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կազմակերպել հանդիպում ոլորտային շահագրգիռ կազմակերպությունների և գիտնականների հետ առկա և հեռակա ձևաչափով՝ գտնելու համագործակցության ակտիվացման մեխանիզմներ:

Հանդիպումից հետո ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժին, ծանոթացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների գործունեությանը:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․