News
17/06/2024
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ)  կմեկնարկի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով գիտաժողովը։ Այն նախատեսված է  ՀՀ ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար և անցկացվում է «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրի շրջանակներում։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը և ՀՀ ԳԱԱ ՈԱԿ-ի գիտության հանարմատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։ 

ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ-ի մասնագետները հանդես կգան զեկուցումներով։ Նույն օրը գիտաժողովի երկրորդ մասը կանցկացվի  Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիայում։ 

Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, հունիսի 20-ին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, իսկ հունիսի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Հունիսի 21-ին կամփոփվեն գիտաժողովի աշխատանքները և մասնակիցները կստանան վկայագրեր։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ   Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։  «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․06․2024թ․