| ||||||||
Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, խորհրդի անդամները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՊՀ-ի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայաստանում գեոպարկի ստեղծման նախադրյալները։ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, շեշտելով գեոպարկի ստեղծման կարևորությունը, նշեց. «Գեոպարկը զբոսաշրջության տեսակ է։ Այն կնպաստի տեղանքի ենթակառուցվածքի զարգացմանը և, ամենակարևորը, հանրությունը տեղեկացվելու է այդ տարածքների երկրաբանական վտանգների մասին»։ Նիստի ժամանակ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը: Նա նշեց, որ գեոպարկերն աշխարհագրական տարածքներ են, որոնց հիմքում առանձնահատուկ տեսարժան, երկրաբանական ժառանգությունն է, որը զուգորդվում է պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով։ Աշխարհում գեոպարկերը դիտարկվում են որպես կայուն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության խթան։ «Գեոպարկերում կարևորություն ունեցող բացառիկ երկրաբանական օբյեկտները և լանդշաֆտները կառավարվում են հետազոտական, պահպանման, կրթական և կայուն զարգացման ամբողջական հայեցակարգով՝ ընդգրկելով տեղական համայնքների ուժերն ու հնարավորությունները», - ասաց Արա Ավագյանը: Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաև գեոպարկերի ստեղծման միջազգային փորձը՝ առաջարկվել է ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների գեոպարկ, այլ՝ մասնագիտացված: Գեոպարկը կընդգրկի տարածքներ հիմնականում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, փոքր հատվածներ կներառի նաև Կոտայքի և Արարատի մարզերից։ «ՀՀ տարածքը ենթակա է բազմաբնույթ երկրաբանական վտանգների ազդեցությանը։ Ուստի երկրաբանական վտանգներով մասնագիտացված գեոպարկի ստեղծումը կունենա նաև պաշտպանական նշանակություն», - նշեց Արա Ավագյանը: Նորաստեղծ հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ համեմատաբար սահմանափակ տարածքում կունենա երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերող օրինակներ՝ ակտիվ տեկտոնական խզվածքներ, սողանքներ, նորագույն հրաբխականություն, հիդրոթերմալիզմ, լճային տրանսգրեսիա, զանգվածային ոչնչացման մասին վկայող շերտագրություն և այլն: «Այս հանգամանքը հայկական առաջին գեոպարկին կտա բացառիկություն, առավել ևս, որ ընտրության արդյունքում կունենա տարածաշրջանային և մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ», - ասաց Արա Ավագյանը: Խորհրդի անդամները նշեցին, որ անհրաժեշտ է առաջարկվող տարածքում հիմնել ազգային գեոպարկ և ստեղծել կառավարող մարմին, որում կընդգրկվեն գիտնականներ, պետական կառույցների և համայնքների համապատասխան մասնագետներ։ |