News
25/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2017) միջազգային գիտաժողովը

    Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 (www.csit.am) գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Ներկայացնելով գիտաժողովի առաքելությունը` Յուրի Շուքուրյանն ասաց. «CSIT-2017 գիտաժողովի հիմնական նպատակն է՝ խթանել  գիտելիքների փոխանցումը օտարերկրյա և հայ գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն` շփվելու և տարածելու  կոմպյուտերագիտության տեսական  ու կիրառական արդյունքները, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և նրանց լուծման եղանակները, քննարկել համատեղ աշխատանքային նախագծեր։ CSIT-2017-ը կհանդիսանա լավ հարթակ Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և դրանք ճշգրտելու համար։ CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի հոդվածներ 18 երկրներից: Այս տարի մենք ունենք բազմազան թեմաներով գիտաժողովներ, սեմինարներ: CSIT-2017 գիտաժողովի ծրագրային և կազմակերպական կոմիտեների անունից ողջունում եմ ձեզ և հայտարարում եմ մեր գիտաժողովը բացված»:

25092017_3.jpg
    «Այս գիտաժողովը նշանակալի իրադարձություն է դարձել Հայաստանի հետազոտողների և գործարարների, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման համար: Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս գիտաժողովում քննարկվող խնդիրները, այդ թվում` նաև գիտական և կրթական էլեկտրոնային ենթահամակարգի ցանցի բարելավման ողջունելի միտումը գերհամակարգչային հաշվարկների և մեծ ծավալի տվյալների վերլուծության միջոցով: Համոզված եմ, որ առաջիկա օրերին տեղի կունենան հետաքրքիր քննարկումներ` ի նպաստ գիտության այս կարևոր բնագավառի ապագա զարգացմանը»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

25092017_2.jpg
    «Այս միջոցառումն արտասահմանցի և հայ գիտնականների շփման, փորձի, գիտելիքների փոխանակման հիանալի հարթակ է: Համոզված եմ, որ գիտաժողովն արդյունավետ կանցնի` հնարավորություն ընձեռելով միմյանց հետ կիսվել կոմպյուտերագիտության տեսական, կիրառական արդյունքներով, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այսօրվա մարտահրավերները, առանցքային նախագծերը: Օրակարգում տեսել եմ բազմաթիվ արդիական թեմաներ, հուսով եմ` դրանց քննարկումը հնարավորություն կտա այդ ոլորտներում մեծ գիտական գործունեության առաջընթացին և ձեռքբերումներին», - իր ողջույնի խոսքում ասաց  ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:«Այս գիտաժողովը ցույց է տալիս Հայաստանում հետազոտությունների դինամիկան, և ես համոզված եմ, որ Հայաստանը գլխավոր դերակատարություն է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք ունենք շատ ամուր համագործակցություն Հայաստանի հետ, իսկ Հայաստանն ունի շատ լավ գիտնականներ»,- ասաց Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեն:

25092017_4.jpg
    CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական  տեսական և կիրառական ոլորտներին։ Հատուկ տեղ են գրավում ամպային և գրիդային հաշվարկներին,  կոգնիտիվ ալգորիթմերին և մոդելներին,  կրիպտոգրաֆիային և կիբերանվտանգության   խնդիրներին նվիրված զեկուցումները։  Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրանից,  Ղազախստանից, Նորվեգիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Չինաստանից, Սերբիայից, Խորվաթիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Մոլդովայից, Գերմանիայից։

    CSIT-2017 գիտաժողովի կարևոր բաղադրիչն է «Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ՝ հետազոտության և նորարարության շարժիչները» ենթագիտաժողովը, որին կներկայացվեն սուպերհամակարգչային  նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։

25092017_3.jpg
    Հնգօրյա CSIT-2017-ի ընթացքում կանցկացվեն պլենար, զուգահեռ  և պոստեր  նիստեր: Միաժամանակ կիրականացվեն աշխատանքային գիտաժողովներ` տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջմենթի, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների համագործակցության և գիտական չափագիտության ուղղություններով։

    CSIT-2017 գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «IEEE Computer Society» կազմակերպության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում և աջակցում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Հայ լինկ» ՍՊԸ-ն, Երևանի կապի միջոցների ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.09.2017թ.