News
31/05/2024
Բացվեց AFISHE գիտաուսումնական լաբորատորիան

Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնում «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում բացվեց AFISHE գիտաուսումնական լաբորատորիան։ 

AFISHE ծրագիրը մեկնարկել է 2023թ․ հունվարին, որի հիմնական նպատակն է Հայաստանում և Ուկրաինայում մագիստրոսական կրթության իրականացումը՝ պատրաստելու  ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կառավարման և այդ ասպարեզի հետ առնչվող համապատասխան մասնագետներ: 

«Ծրագիրը, որ մենք իրականացնում ենք, արդիական է։ Հայաստանում շատ ձկնային տնտեսություններ կան, որտեղ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ։ Ծրագիրը, շատ խոստումնալից է և իր հաջողությունն անպայման ունենալու է։ Բոլորիս մաղթում եմ հաջողություններ։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի կխորանա», -ասաց   ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

«AFISHE ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ՀՀ գիտակրթական միջազգային կենտրոնում և ՀՀ Ագրարային համալսարանում իրականացվելու է «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի մասնագիտական և գիտատեխնիկական հենքի վրա, որտեղ պատրաստվելու են ձկնաբույծներ, ձկնաբաններ, ակվակուլտուրայի մասնագետներ։ Լաբորատորիան ծառայելու է այս ուսումնական հաստատությունների մագիստրանտներին կրթական և գործնական պարապմունքներ անցկացնելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ձկնաբանության լաբորատորիայի վարիչ Բարդուխ Գաբրիելյանը։

«Մեր կենտրոնն այսօր բավականին հագեցած է տարբեր գիտական սարքավորումներով, բայց սա առաջին դեպքն է, երբ AFISHE ծրագրի շրջանակներում կենտրոնում ստեղծվում է նաև կրթական մասնագիտացված լաբորատորիա։ Սա լուրջ ինտեգրման մոդել է, երբ կրթությունն իրականացվում է և՛ ԲՈՒՀ-ում, և՛ գիտական կենտրոնում համատեղ։ Սա հենց այն մոդելն է, որ խոսում ենք գիտնականների երիտասարդացման մասին։ Այսօր ունենք ուսանողներ, որ գալիս են, տվյալ ուղղությամբ չունեն գիտելիքներ։ Բավականին ժամանակ է տևում, որ կարողանանք իրենց բազային գիտելիքները բերել, ադապտացնել այն գիտելիքներին, որն իրենց անհրաժեշտ է կոնկրետ գիտությամբ զբաղվելու համար։ Իսկ սա հենց այն հնարավորությունն է, որ ժամանակի կորուստ չենք ունենա և մեր մասնագետին կպատրաստենք շատ արագ և արդյունավետ կերպով»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի տնօրեն Սարգիս Աղայանը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ, AFISHE ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը նշեց․ «Սա այն բացառիկ ծրագրերից է, որտեղ ոչ թե ԲՈՒՀ-ԲՈՒՀ համագործակցությունն է, այլ ԲՈՒՀ, գիտակրթական և հետազոտական կենտրոններն են համագործակցում։ Նման ծրագրեր շատ քիչ կան։ Ուրախ եմ, որ մենք գիտահեն կրթություն ենք փորձում զարգացնել»։ Նա հայտնեց, որ շուտով նման լաբորատորիաներ կբացվեն նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և  Ծրագրի գործընկեր ուկրաինական ԲՈՒՀ-երում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Եվրոպական գործընկերներն են Դուբրովնիկի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում։ Ուկրաինական գործընկերներն են Սումիի ազգային ագրարային համալսարանը, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․05․2024թ.

Photogallery