News
25/04/2024
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը

Սույն թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930թ.՝ հունիսի 10-ին, Լենինականում: 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956թ.՝ ասպիրանտուրան: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1971թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ. Նա ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Նա 563 գիտական աշխատությունների հեղինակ է, որից 87-ը մենագրական ուսումնասիրություններ են: Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից: 

Պրոֆեսոր Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից է: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվեց, կայացավ և արևելագիտության ոլորտում իր ուրույն տեղը գրավեց հայ արաբագիտությունը: Նա ՀՀ-ում արաբագիտական պատմագիտական դպրոցի կարևոր հիմնասյուներից է, ով ավելի քան 40 տարի (1962-2003թթ.) գլխավորել է արաբական երկրների բաժինը, 1995-2006թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Զգալի է Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական վաստակը և ներդրումը համաշխարհային արաբագիտության զարգացման բնագավառում: Նրա բեղուն գիտական գործունեության արդյունքում հայ արաբագիտությունը դարձել է համաշխարհային արաբագիտության կարևոր բաղադրիչը: 

Տասնյակ տարիներ պրոֆեսոր Հովհաննիսյանի ուսումնասիրությունների կենտրոնում եղել են արաբական երկրների նորագույն պատմության, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների, «քաղաքական իսլամի», հայ-արաբական, այդ թվում՝ միջպետական հարաբերությունների արդիական հիմնահարցերը: Նա առաջիններից էր, ով Խորհրդային Հայաստանում անդրադարձավ արաբական երկրների ազգային ազատագրական շարժումների ուսումնասիրությանը և ընթերցողի սեղանին դրեց արժեքավոր մենագրություններ՝ «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում», «Սիրիական անկախ հանրապետության ստեղծումը», «Ազգային-ազատագրական շարժումն Իրաքում», «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը» և այլն:

Նիկոլայ Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանում առաջիններից էր, ով միջարաբական հարաբերությունները սկսեց դիտարկել իբրև միջազգային հարաբերությունների ուսումնասիրության առանձին և կարևոր բաղադրիչ և արդյունքը դարձավ նրա եզակի մենագրությունը՝ «Իրաքի Հանրապետության հարաբերություններն Արաբական Արևելքի երկրների հետ»: 

Պրոֆեսոր Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայ արաբագետները իրենց ուսումնասիրություններում կենտրոնական տեղ հատկացրին խսլամի ակտիվացմանն ու դրա դրդապատճառների ուսումնասիրությանը: Արդյուքում տպագրվեց «Իսլամն արդի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքական կյանքում» կոլեկտիվ աշխատությունը։ Հաշվի առնելով նրա ներդրումն իսլամագիտության բնագավառում՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը 1985թ. Նիկոլայ Հովհաննիսյանին նշանակեց Հայաստանում իսլամագիտական ուսումնասիրությունների համակարգող:

Պրոֆեսոր Հովհաննիսյանի ուսումնասիրություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Արաբական երկրների պատմություն (VII դ.- 2005թ.)» քառահատոր աշխատությունը, որը բացառիկ է իր նշանակությամբ և 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, իսկ 2011թ. թարգմանվել է արաբերեն և հրատարակվել Հալեպում:
Նիկոլայ Հովհաննիսյանի ուսումնասիրությունների շրջանակից դուրս չեն մնացել նաև էթնոքաղաքական հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հետազոտությունը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիրը. անկախության և ազատության փշե ճանապարհը», ԱՄՆ-ում՝ Մերիլենդի համալսարանում հրատարակված «Էթնոքաղաքական առճակատումներն Անդրկովկասում. նրանց արմատները և լուծումները» և այլն:

Պրոֆեսոր Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների շարքում հատուկ տեղ էր զբաղեցնում Հայոց ցեղասպանության հայեցակարգային հիմնախնդիրների ուսումնասիրությունը՝ «Հայոց ցեղասպանություն. հայասպանությունը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունգարերեն, ճապոներեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն», միջգիտակարգային հետազոտությունը, որին ավելի ուշ ավելացան նաև կորեերեն և ռումիներեն լեզուներով հրատարակությունները: Այս հիմնարար աշխատանքն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության առաջին կարգի դիպլոմի: Նիկոլայ Հովհաննիսյանի ջանքերով միջազգային լայն տարածում է ստացել «Արմենոցիդ» եզրը՝ որպես «Հայասպանության» հոմանիշ: 

Զգալի է Նիկոլայ Հովհաննիսյանի ներդրումը նաև հասարակական ոլորտում: Նա զբաղեցրել է Խորհրդաարաբական բարեկամության և մշակութային կապերի ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, եղել է Ասիայի և Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի և նրա վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահ, «ԽՍՀՄ-Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահ, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ-ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ: Կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում պրոֆեսոր Հովհաննիսյանն այցելել է Լիբանան, Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան, մասնակցել Իրաքի նախագահ Ահմադ Հասան Ալ-Բաքրի, Սիրիայի նախագահ Հաֆիզ Ասադի, Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի և վարչապետ Ռաշիդ Սոլհի, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթի և այլ երկրների բարձրաստիճան պետական այրերի հետ բանակցություններին:

Նիկոլայ Հովհաննիսյանն արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է, այդ թվում՝ Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի, Գերմանիայի Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (Մոսկվա), Սիրիայի արաբական գիտության պատմության ընկերության, ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի: 

Պրոֆեսոր Հովհաննիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու, ՀՀ Պաշտպանության նախարարության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և «Հայկական զինված ուժեր. 1992-2012», «Բարեկամության բնագավառում ներդրման համար» (Մոսկվա) մեդալներով, ՀՀ կառավարության «Հայոց Մեծ Եղեռն» ոսկեզօծ մեդալով, Ֆրիտյոֆ Նանսեն հուշամեդալով, ԼՂՀ «Ղարաբաղյան շարժում» մեդալով, ՀՀ ԳԱԱ գովեստագրով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով, «Հայաստան-Եգիպտոս. դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. բարեկամություն և համագործակցություն» մեդալով, «Երախտագիտություն» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Քեմբրիջի (Անգլիա) Միջազգային կենսագրական կենտրոնը 2004թ. Նիկոլայ Հովհաննիսյանին հռչակել է «Աշխարհի առաջատար գիտնական», 2005թ․՝ ճանաչել «XXI դարի ականավոր գիտնական», իսկ 2009թ.՝ ներառել «100 բարձրակարգ գիտնականների» ցանկում: 

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Հումանիտար և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը խորին ցավակցություն են հայտնում Նիկոլայ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին: Հանձնառու ենք պահպանել, շարունակել ու զարգացնել արդի արաբագիտական պատմագիտական այն դպրոցի ավանդույթները, որի հիմքը դրել է Նիկոլայ Հովհաննիսյանը: Հանգչե՜ք խաղաղությամբ սիրելի պրոֆեսոր։ 

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ին, Զոլեր սգո սրահում (Հասրաթյան 25/3, Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ: Հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ