Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2023թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 6 ակադեմիկոս և 15 թղթակից անդամ։ Հրատարակվել է 133 գիրք (8-ն արտասահմանում), 17 դասագիրք և ձեռնարկ, 1088 հոդված, այդ թվում՝ գրախոսվող գիտական հանդեսներում 736 (153-ն արտասահմանում), գիտաժողովների նյութերի ժողովածուներում՝ 352 (130-ն արտասահմանում), 240 թեզիս (72-ն արտասահմանում):
Անցկացվել է 31 միջազգային և 58 հանրապետական գիտաժողով:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
- «Սասունցի Դավթի կերպարը Երվանդ Քոչարի արվեստում» (զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Աղասյան)
- «Լեռնային Ղարաբաղի բարբառները» (զեկուցող՝ բ.գ.դ., պրոֆեսոր Վ. Լ. Կատվալյան)
Կարևորագույն արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
- «Oriental Studies» (Scopus, Q1) ամսագրում հրատարակվել է Խորհրդային Հայաստանի և Արցախի օրինակով խորհրդային տարիներին ազգային-պետական շինարարության խնդիրներին վերաբերող հոդվածը, որտեղ կոնկրետ փաստերի վրա հեղինակները (Ա. Մելքոնյան, Կ. Խաչատրյան, Ի. Կրյուչկով) ցույց են տալիս, որ ՀԽՍՀ-ը և ԼՂԻՄ-ը պետականության բազմաթիվ հատկանիշներ ունեցող ազգային կազմավորումներ էին, որոնց հենքի վրա 1991թ. սեպտեմբերին կյանքի կոչվեցին հայկական երկու անկախ պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
- «Հին Մերձավոր Արևելքի Օքսֆորդի պատմությունը» ("The Oxford History of the Ancient Near East") հատորաշարի չորրորդ հատորում հրատարակվել է առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Երվանդ Գրեկյանի համահեղինակությամբ «Ուրարտուի պատմությունը», որտեղ հանգամանորեն ներկայացվել է Ուրարտուի պատմությունը՝ կազմավորումից մինչև անկումը, պետության կառուցվածքը, վարչական, տնտեսական և ռազմական կազմակերպությունը, պանթեոնը, ինչպես նաև քննվել են ժամանակագրության և էթնիկական խնդիրներին վերաբերող հարցեր։
- Լայն լսարան ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված խոշոր հրատարակչությունների ("Brill", "De Gruyter") կողմից հրատարակվել են պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանի «Հայկական աղբյուրները քրիստոնեության ներդրման մասին Կովկասյան Ալբանիայում և Ալբանիայի հարաբերությունները Հայաստանի հետ» ("Armenian Sources on the Introduction of Christianity to Caucasian Albania and Albania’s Relationships with Armenia") և «Էթնիկ իրավիճակն անտիկ և միջնադարյան կովկասյան Ալբանիայում» ("The Ethnic Situation in Antique and Medieval Caucasian Albania") գիտական հրապարակումները Աղվանքի հին և միջնադարյան շրջանի պատմության, էթնիկ պատկերի և դավանաբանական հարցերի վերաբերյալ։ Սա հատկապես կարևորվում է, քանի որ այս թեմատիկան գրեթե մեկ դար է՝ դարձել է Ադրբեջանի կողմից սեփական պատմության հնեցման, բնիկ ներկայանալու և Աղվանքի պատմամշակութային ժառանգորդության անձնագիր ձեռք բերելու քաղաքականության մաս:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- Հայ-ճապոնական արշավախմբի աշխատանքները Լեռնագոգ-1 հնավայրում ցույց են տալիս, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է. այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում:
- Արտաշատ մայրաքաղաքի հայ-գերմանական արշավախմբի պեղումներից ստացված տվյալները նոր լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։ Առանձին արժեք է ներկայացնում Արտաշատի XVII բլրի ստորոտին բացահայտված՝ մ․թ․ II դ․ մոնումենտալ քաղաքացիական կառույցը, որն իր ճարտարապետությամբ և գործառույթով եզակի է, իսկ նրա հիմնադրումն ու ավերումն ուղղակիորեն կապվում են մայրաքաղաքում և ողջ Հայաստանում ընթացած քաղաքական զարգացումների հետ։
- Գործարկվել է https://monumentwatch.org/ եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը, որն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։
- Մոսկովյան արխիվներից ձեռք են բերվել և հետազոտվել են Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների պաշտոնական ցանկերի նկարագրերն ու ադրբեջանական իշխանությունների մշակութային քաղաքականությունն Արցախում և Նախիջևանում:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին, որը տեղի է ունեցել Բոտսվանայի Կասանե քաղաքում դեկտեմբերի 4-9-ի ընթացքում, «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
- Շարունակվել են պեղումները Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան ամրոց-բնակավայրի տարածքում: Պեղավայրում հայտնաբերվել են բազալտե վեցանկյուն կտրվածք ունեցող պաշտամունքային սյան մնացորդներ: Պեղված նյութի մեջ գերակշռող են վաղերկաթեդարյան և ուշերկաթեդարյան խեցանոթների բեկորները։
- Բացահայտվել է Աշոցքի սարահարթի բրոնզ-երկաթեդարյան ամրոցների համակարգը:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- Դիտարկվել են գրաբարին բնորոշ բառաքերականական մի շարք իրողությունների համապատասխանություններ, նաև նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Ղարաբաղի բարբառում, ինչը վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին։
- Հետազոտվել են բառապաշարի թեմատիկ մի շարք խմբերի արտահայտություններ հայերենի զարգացման տարբեր փուլերում։ Նկարագրվել են բառամիավորների իմաստները, կառուցվածքը և արտահայտման յուրահատկությունները։ Բառապաշարի թեմատիկ խմբերի քննությունը կատարվել է լեզվաբանական արդի մոտեցումներով ու եղանակներով։
- Հայ բարբառների ուսումնասիրությունը համալրվել է Սուրմալուի, Սևերեկի, Բասենի, Նախիջևանի խոսվածքների հետազոտությամբ ու նկարագրությամբ, ներկայացվել է Շիրակի մարզի բարբառային խոսքի ընդհանուր բնութագիրը: Էական դիտարկումներ են կատարվել բարբառային առանձին միավորների հնչյունական համակարգերի վերաբերյալ:
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- Հրատարակվել է «Армения и армяне в записках европейских путешественников. Легенды и предания эпохи раннего христианства» մենագրությունը (ղեկ.՝ բ.գ.թ. Գ. Կարագյոզյան), որով գիտական շրջանառության մեջ է դրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության պատմության վերաբերյալ չուսումնասիրված նյութ՝ ամփոփված XI-XVIII դարերում Հայաստան այցելած մի քանի տասնյակ հեղինակների ճամփորդական գրառումներում:
- Հրատարակվել է «Արցախի հայկականության ակունքները և ադրբեջանական «աղվանագիտության» կեղծիքների հերքում» աշխատությունը (ղեկ.՝ բ.գ.դ. Վ. Եղիազարյան), որում աղբյուրագիտական քննությամբ հիմնավորվում է Արցախի Գորոզճունի, Փառաճունի, Խաչյան և Խաղբյան ազնվական տների գոյությունը, համակարգված ներկայացվում են հայ հին գրականության մեջ Արցախի և արցախցիների մասին վկայակոչումները, ամբողջացվում են Արցախ աշխարհի գավառների մասին տեղեկությունները, հիմնավորապես հերքվում և բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը՝ աղվանացնելու հայ մշակույթի նշանավոր գործիչներին:
Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
- «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը որպես ՀՀ կայուն զարգացման երաշխիք» թեմայի շրջանակներում․
– բացահայտվել է, որ ժամանակին համընթաց գնալով, ազգային անվտանգությանը զգալի վնաս են հասցնում խոշորամասշտաբ, երկարատև կանխամտածված և չկանխամտածված ազդեցությունները` ինչպես դրսից, այնպես էլ ներսից, որոնք մեծ սպառնալիք են նաև շրջակա միջավայրին: Առաջարկվել է տնտեսական աճի, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև կապի քանակական չափման գործիք` դեկապլինգի (անջատման) մեթոդ, որը պարզ է դարձնում, թե արդյոք տնտեսական գործունեությունն արդյունավետ է շրջակա միջավայրին հասցված վնասը նվազագույնի հասցնելու առումով։ – Հիմնավորվել է կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվողականության զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը, շրջանաձև տնտեսությանն անցումը, որը կարող է վերականգնել բնական համակարգերը և բարձրացնել մարդու բարեկեցությունը, ինչը կնպաստի նաև գլոբալ խնդիրների լուծմանը, որը պետք է հանձն առնի կառավարությունը։
- «Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու Հայաստանի Հանրապետությունում վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների մշակման հնարավորությունները» թեմայի շրջանակներում.
- մշակվել է ՀՀ-ում հանքարդյունաբերական վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների ներդրման փաթեթ։ –Կայուն հանքագործական արդյունաբերության տեսանկյունից միջազգային փորձի վերլուծության արդյունքում հիմնավորվել է օրենսդրական փոփոխությունների շրջանակը։
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
- Իրականացվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ փիլիսոփայական-քաղաքական մտքի ականավոր գործիչներ Լ. Շանթի, Մ. Օրմանյանի, Մ. Մամուրյանի աշխատությունների ուսումնասիրությունը:
- Լույս է տեսել Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական եզրույթների բառարանը (հեղինակ՝ Է. Օրդուխանյան):
- Տպագրվել են «Գանձանակ հայ քաղաքագիտական մտքի և Հայաստանի քաղաքական պատմության» 4-րդ, 5-րդ և 6-րդ պրակները, որոնցում ներկայացվել և համապարփակ քննության են ենթարկվել հայ երկրառազմավարական մտքին, արմենոցիդի ներքին և արտաքին ծալքերին և «Հայկական խաչմերուկին» վերաբերող հարցերը հայ քաղաքական մտքի շրջանակներում (գլխ. խմբագիր՝ ք.գ.դ., պրոֆեսոր Լ.Ղ. Շիրինյան):
- Իրականացվել են ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման վերաբերյալ համապարփակ հետազոտություններ՝ հաշվի առնելով միջազգային արդյունավետ փորձը և ՀՀ առանձնահատկությունները:
Արվեստի ինստիտուտ
- Առաջին անգամ իրականացվել է Հովհաննես Չեքիջյանի կյանքի ուղու, կատարողական գործունեության, խմբավարական և դիրիժորական արվեստի համակողմանի ուսումնասիրություն, ներկայացվել է նրա բացառիկ ներդրումը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում, բացահայտվել են Հովհաննես Չեքիջյանի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները:
- Ուսումնասիրվել է ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու ստեղծագործական գործունեությունը, շրջանառության մեջ են դրվել նրա մասնագիտական գործունեությանը վերաբերող հոդվածներ և արխիվային վավերագրեր:
Կիրառական արդյունքներ
Արևելագիտության ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը տարբեր երկրների, և, մասնավորապես, մերձավորարևելյան երկրների դիվանագիտական և գիտական շրջանակների ներգրավմամբ փորձ է կատարվել ձևավորել գիտական դիվանագիտության և հանրային դիվանագիտության հարթակներ, որտեղ քննարկվել են տարածաշրջանային արդի հիմնահարցերը, դրանց ազդեցությունը Հարավային Կովկասում:
- Կազմակերպվել են ՀՀ, այնպես էլ մերձավորարևելյան երկրների դեսպանների, դիվանագիտական և պետական ծառայության այլ ներկայացուցիչների ներգրավմամբ գիտական միջոցառումներ։
- Հրատարակվել է Թ. Ամրյանի՝ (համահեղինակությամբ Վ. Ոսկանյանի) Քրդերենի դասագրքի առաջին հատորը:
- Տպագրվել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» և «Ժամանակակից Եվրասիա» գրախոսվող պարբերականների երկու համարները: Տպագրված աշխատությունների մեկ երրորդը ստացվել է արտերկրից: Բացի այդ, պարբերականները տեղ են գտել նաև միջազգային այնպիսի հայտնի գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպիսիք են ErihPlus, DOAJ, РИНЦ, Dimentions։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- «Կիրառական ազգագրության» խումբն իրականացրել է տարատեսակ հետազոտական և վերլուծական ենթածրագրեր՝ էթնիկ, կրոնական, լեզվական, հասարակական խմբերի ինքնությունների պահպանության, ձևափոխման, դրանց հասարակական, քաղաքական, մշակութային, գաղափարական պատճառների, ինչպես նաև անհատական, հասարակական, կոլեկտիվ հիշողության ձևավորման մարդաբանական օրինաչափությունների և քաղաքականության շուրջ: Խմբի կողմից ներկայացվել են մասնագիտական կարծիքներ ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը:
- Կիրառական մարդաբանության խմբի կողմից վերլուծվել է ադրբեջանահայ փախստականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը:
- Ինստիտուտի արխիվի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծված iae-archive.am կայքում ներկայացվել է հայկական ձեռագրերին նվիրված ալբոմի էլեկտրոնային հրատարակությունը և առցանց "Home Saint Manuscripts" ցուցահանդեսը:
- Գործարկվել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ինտերակտիվ կայքը (https://ama100.am/)` Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ:
- Վերականգնվել, հետազոտության ու թանգարանացման համար նախապատրաստվել են 26 հուշարձաններից հայտնաբերված տարբեր դարաշրջանների գտածոներ։
- Հնագիտական գտածոների թանգարանացման հիման վրա կազմակերպվել են ցուցադրություններ Գյումրիում, Իջևանում, Վանաձորում և Երևանում:
- Դաշտադեմի և Տավուշի ամրոցների պեղումներով հայտնաբերված ճարտարապետական կառույցների հիման վրա իրականացվել են վերականգնման և թանգարանացման նախագծեր։
- Հնագիտական փորձաքննությունների շնորհիվ մի շարք օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (Հատիսի ամրոցը, Արտանիշ 9 բնակատեղին և այլն):
- Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի փրկարարական պեղումներով բացահայտվել են ոչ միայն հուշարձանի ճարտարապետական հորինվածքը և շինարարական տեխնիկան, այլև այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթեդարյան, անտիկ և հիմնականում՝ միջնադարյան ժամանակաշրջաններով։
- Ինստիտուտը ԿԳՄՍՆ է ներկայացրել Տիրինկատարի հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար ծրագիր։ Այն արժանացել է հավանության, այժմ ընթանում են համապատասխան աշխատանքները:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկվելու նպատակով ներկայացվել են «Վարդավառ․ ջրի տոն» և «Տոլմա պատրաստելու և կիրառման ավանդույթը» ծրագրերը։ Դիմում-առաջարկ է ներկայացվել «Ժենգյալով հացի պատրաստման և կիրառման ավանդույթն Արցախի Հադրութի շրջանից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանածների սոցիալական պրակտիկաներում» տարրն անհապաղ պաշտպանության ենթակա ոչ նյութական մշակութային արժեքների ՀՀ ազգային ցանկում ներառելու վերաբերյալ:
- «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում՝ Վիքիպեդիա էլեկտրոնային հարթակում տեղադրվել են 12 նոր և խմբագրվել 100-ից ավելի հոդվածներ:
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- Կազմվել է «Հայոց պատմության դրվագներ (V-VII դարեր)» ժողովածուն։ Այն ներկայացնում է հայ պատմիչների երկերում արձանագրված իրադարձությունները, որոնք վճռորոշ են եղել մեր ժողովրդի պատմության համար:
- Թվայնացվել են Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի շուրջ 500 բարբառային տարբերակներ:
- Հրապարակման են պատրաստվել «Նոր բառեր»-ի մեկական պրակներ՝ արդի գրական արևելահայերենի և արևմտահայերենի գործառական տարբերակներից քաղված նյութի ընդգրկումով:
- Հրապարակվել է «ՀՀ ԳԱԱ ԼԻ Տեղեկագիրք 2022» գիրքը:
ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
- «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը որպես ՀՀ կայուն զարգացման երաշխիք» թեմայի շրջանակներում առանձնացվել են հետևյալ առաջնայնությունները․
– երկրորդային ջրօգտագործում – կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվողականության զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը – գծային տնտեսությունից անցում շրջանաձև տնտեսության – Սևանա լճի աղտոտումը կանխելու համար առաջարկվում է Արփա, Որոտան գետերի, Կեչուտ, Սպանդարյան ջրամբարների ջրհավաք ավազաններից Սևանա լիճ թափվող աղտոտող նյութերի քանակական աճը բացառելու համար կառուցել Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների շուրջ 100-200մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ շերտ։
- «Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու Հայաստանի Հանրա-պետությունում վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների մշակման հնարավորությունները» թեմայի շրջանակներում առաջարկվել է.
- հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացման միջոցառումներ, նորարարությունների ներդրման որոշ ուղղություններ և միջոցառումներ - ՀՀ-ում հանքային ռենտայի մեծության հաշվարկի նպատակով նոր մեթոդաբա-նություն:
- «Ռազմավարական պլանավորման հայեցակարգային մոտեցումներն ու ազգային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը» թեմայի շրջանակներում առաջարկվել է ՀՀ-ում ընդունել ռազմավարական պլանավորման մասին մեթոդական բնույթի փաստաթուղթ (որոշում, օրենք, մեթոդաբանություն), որը կկանոնակարգի ռազմավարական պլանավորման ոլորտում պետական քաղաքականության համակարգված միջոցառումները՝ ուղղված ՀՀ ազգային շահերի պահպանմանը, սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության ապահովման երկարաժամկետ նպատակների սահմանմանը։
- «Տնտեսական աճի հայաստանյան մոդելը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները» թեմայի շրջանակներում կիրառական առաջարկությունն է ստեղծել միջավայր՝ աստիճանաբար բարձրացնելով ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը, ինչպես նաև դիվերսիֆիկացնել ծառայությունների ոլորտը։
- «ՀՀ նորարարական տնտեսության զարգացման հեռանկարները թվային փոխակերպումների համատեքստում» թեմայի շրջանակներում առաջարկվել է մշակել զբոսաշրջային կլաստերի զարգացման հիպոթետիկ մոդել։
- «Աշխատանքի շուկան՝ որպես գործարար միջավայրի բարգավաճման քաղաքականություն» թեմայի շրջանակներում առաջարկվել է զբաղվածության խնդիրների լուծման համար կազմակերպել ՏՀՏ ոլորտում վերապատրաստման ծրագրեր, դասընթացներ, հատկապես չապահովված խավի բնակչության համար։ Էներգետիկ ոլորտում աշխատուժի ավելացման համար անհրաժեշտ է մշակել ՀՀ զարգացման էներգետիկ ծրագիր մանրակրկիտ փուլերով և զարգացման իրական ժամանակահատվածով, ինչը հնարավորություն կտա հստակություն մտցնել աշխատաշուկայում, ինչպես նաև մասնագիտությունների ձևավորման հարցում:
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
- Ինստիտուտի կիրառական աշխատանքների արդյունքներն արտացոլվել են Պետաիրավական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողների՝ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի կազմում ակտիվ աշխատանքներում, ՀՀ Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի հետ համատեղ իրականացված կիրառական հետազոտություններում:
Արվեստի ինստիտուտ
- Հրատարակվել է «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի երրորդ հատորը:
- Հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքի, ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեության ուսումնասիրության արդյունքները զեկուցվել են «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտական գիտաժողովում:
- Կազմակերպվել է «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը (17-18 նոյեմբերի, 2023), որտեղ առաջին անգամ քննության է առնվել արվեստի ու գրականության փոխառնչությունների հարցը՝ Սարոյանի ստեղծագործության օրինակով:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 23.04.2024թ.
|