| ||||||||
Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն իր ելույթում նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ռիսկեր է պարունակում։ «Ներկայացվել է, որ այնտեղ (Ակադեմիական քաղաքում) լինելու է ռազմական ինստիտուտ։ Դա ամենավտանգավոր թիրախային կետն է։ Երբ պետությունը գտնվում է պատերազմական իրավիճակում, ցանկացած ռազմական բաղադրիչ դարձնելու է այդ կենտրոնը թիրախ թշնամու համար։ Պետք է այդ ռազմական բաղադրիչն այդտեղից հանել և ռազմական ցանկացած ինստիտուտ, կրթական օջախ առանձին դիտարկել։ Մեր տարածաշրջանը ռազմաքաղաքական լուրջ հարցերի առաջ է կանգնած, և նման պարագայում կենտրոնացնել ամբողջ ներուժը մեկ տեղ՝ սխալ եմ համարում, որովհետև մեկ հարվածով կարելի է վերացնել այն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն արձագանքեց՝ նշելով․ «Երկխոսության առաջարկներ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր միշտ եղել են, և դա չի կայացել։ Ո՛չ աշխատանքային խմբում, ո՛չ հոգաբարձուների խորհրդում ակադեմիան չկա։ Դա ինչի՞ մասին է խոսում, մեր մյուս կողմն ուզո՞ւմ է երկխոսել, թե՝ ոչ»։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին |