News
08/04/2024
«Հույս ունեմ, որ բարեփոխումների միջոցով մեզ կհաջողվի ստեղծել միասնական, կուռ և համաշխարհային գիտությանը հարիր միջավայր»․ Արսեն Բոբոխյան

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։
Հիշեցնենք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։ 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում ասաց․ «Ինչպես ակադեմիայի նախագահությունը, այնպես էլ ինստիտուտների տնօրեններս, մենք գտնվում ենք բարդ իրավիճակում։ Այժմ գնում է մի գործընթաց, երբ ինստիտուտների տնօրեններին կամ ներկայացուցիչներին կանչում են գիտության կոմիտե և որոշակի կլաստերների շուրջ քննարկումներ են կազմակերպվում։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ակադեմիայի միասնական կարծիք ձևավորելը։ Մենք պատրաստ ենք հետևել այդ կարծիքին, որովհետև շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիան, որն ունի ոչ միայն երկար տարիների պատմություն, այլև շատ մեծ և կարևոր դեր է խաղում այսօր Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային գիտության համատեքստում։ 

Մեր ինստիտուտի օրինակը կարող եմ բերել՝ ցույց տալու համար ինտեգրացիայի մակարդակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այսօր համագործակցում է բազմաթիվ ԲՈՒՀ-երի հետ։ Ես դասավանդում եմ 2 ԲՈՒՀ-ում, մեր ինստիտուտի ավելի քան 30 աշխատակից դասավանդում է տարբեր ԲՈՒՀ-երում։ Ավելին, ԵՊՀ-ում Հնագիտության և ազգագրության ամբիոնում ունենք 20 աշխատակից, որից 18-ը մեր ինստիտուտի ներկայացուցիչներ են։ Սրանից ավելի բարձր ինտեգրացիա մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել։ Այս համատեքստում ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է հստակությունը։ 

Հումանիտար գիտությունների բնագավառում երկու կլաստերների մասին է խոսվում, մեկը՝ արվեստի, մյուսը՝ դասական։ Մեր ինստիտուտը հայտնվել է արվեստի կլաստերի մեջ, ինչը մի կողմից անտրամաբանական է, մյուս կողմից, եթե հաշվի առնենք մեր ինստիտուտի մշակութային առանձնահատկությունները, կարելի էր մտածել՝ արվեստ և մշակույթ, բայց մյուս կողմից մենք ձգտում ենք դասական կլաստերին, որն ավելի մոտ է համալսարանին։ Հայեցակարգի մեջ կան ընդհանուր բնույթի խնդրահարույց  կետեր, և այս խառն իրավիճակը, որն ստեղծվում է գուցե արհեստականորեն և գուցե հատուկ, կարող է կանխվել, եթե ակադեմիան ունենա միասնական մոտեցում խնդիրների նկատմամբ։

Եթե կա միասնական մոտեցում, մենք կարող ենք միասին առաջ գնալ, իսկ եթե չկա այդ մոտեցումը, մենք պետք է իրատեսորեն նայենք, որպեսզի ամեն ինստիտուտ կարողանա իր ձևով իր խնդիրները լուծել։ Անձամբ ես կողմ եմ միասնական մոտեցմանը և հույս ունեմ, որ բարեփոխումների միջոցով մեզ կհաջողվի ստեղծել միասնական, շատ կուռ և այսօրվա համաշխարհային գիտությանը հարիր մի միջավայր, որը կշարունակի աշխատել երկար տարիներ»։  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․04․2024թ․