News
28/02/2024
ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ջոն Կարապետյանը

Սույն թվականի փետրվարի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Ջոն Կարապետյանին: 

Ջոն Կարապետյանը ծնվել է 1982 թվականին՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 1999-2004 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում: 

2010 թվականին նա պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

Ջոն Կարապետյանը 2004 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում՝ որպես ասպիրանտ, այնուհետև գիտաշխատող, գիտական քարտուղարի օգնական, Կառույցների սեյսմակայունության և շինարարական կոնստրուկցիաների լաբորատորիայի վարիչ, 2013 թվականից ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է և ինստիտուտի տնօրենը:

Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է երկրաշարժագիտություն, երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն:

2019 թվականից նա նաև «Երկրաշարժերի մշտադիտարկում և մոդելավորում» հայ-չինական միջազգային լաբորատորիայի համաղեկավարն է, 2020 թվականից՝ Ինժեներային սեյսմաբանության, սեյսմիկ ազդեցությունների վերլուծության և սեյսմիկ վտանգի գնահատման լաբորատորիայի վարիչը, 2021 թվականից՝ «Մաթեմատիկական երկրաֆիզիկա և գեոինֆորմատիկա» մեկնարկային լաբորատորիայի գիտական ղեկավարն է: 

Ջոն Կարապետյանը 55 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում:

Իր ելույթում Ջոն Կարապետյանը ներկայացրեց իրականացված գիտական աշխատանքները՝ կապված բարձրահարկ շենքերի տարածքների սեյսմահետախուզական աշխատանքների, ջրամբարների պատվարների, ճոպանուղիների, սողանքավտանգ տարածքների ճարտարագիտաերկրաֆիզիկական, սեյսմիկ պայմանների ուսումնասիրությունների, Կապսի, Եղվարդի, Տոլորսի, Սպանդարյանի, Շամբի, Աստղաձորի, Լիճքի ջրամբարների պատվարների, տարածքների համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների,  Եղիպատրուշ գյուղի հարակից տարածքում կառուցված ճոպանուղու տարածքի համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների հետ: 

ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ջանքերով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանում եզակի Երկրի մագնիսական դաշտի INTERMAGNET ստանդարտի դիտակայան, առաջին դասի երկրադինամիկական (GNSS) կայանների ցանց, ՀՀ համալիր սեյսմոերկրադինամիկական կայանների ցանց, սեյսմահետախուզական, էլեկտրահետախուզական, մագնիսահետախուզական, գրավիհետախուզական կայաններ: 

Ինստիտուտի գիտաարտադրական բազայում ստեղծվել է նոր գիտաարտադրական գիծ, ինչի արդյունքում կազմակերպվել են սեյսմիկ, ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ ստացիոնար և մոբիլ սարքերի սերիական արտադրություններ, որոնք հաջողությամբ կիրառվում են ՀՀ հատուկ նշանակության ջրամբարների պատվարների, բարձրահարկ շենքերի տեխնիկական վիճակի գնահատման նպատակով:

2022 թվականից Ջոն Կարապետյանը դասավանդում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում:

Ջոն Կարապետյանն անդամակցում է Ամերիկյան երկրաֆիզիկական միությանը,  Ասիական սեյսմաբանական համագումարին, Russian Journal of Earth Sciences (Q3) տեղեկագրի խմբագրական կոլեգիային:

2011 թվականին նա ստացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դիպլոմ: 2011, 2013 և 2023 թվականներին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր,  2013 թվականին ստացել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվավոր դիպլոմ, 2017 թվականին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կայացման և երիտասարդության շրջանում գիտության խթանման գործում ունեցած ավանդի համար, 2023 թվականին՝ ՀՀ ԳԱԱ հուշամեդալով:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.02.2024թ.