News
27/02/2024
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական դիվանագիտության հարթակի հերթական միջազգային կլոր-սեղան քննարկում՝ «Գազա-Իսրայել ընթացող պատերազմը և դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումերի վրա» թեմայով

2024 թ. փետրվարի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Գազա-Իսրայել ընթացող պատերազմը և դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումերի վրա» խորագրով միջազգային աշխատաժողովը:

Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանն իր բացման խոսքում նշեց, որ 2023 թ. հոկտեմբերից ընթացող Գազա-Իսրայել հակամարտությունը զգալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային զարգացումների վրա: Այն մեծապես վտանգեց վերջին շրջանում ակտիվորեն ընթացող Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հակամարտության սրումը կապված է նաև աշխարհաքաղաքական փոխակերպումների հետ, որոնք մեծապես ապակայունացնում են տարածաշրջանը: Անկայունության աճն ու միջնորդավորված հակամարտությունների ու հակասությունների սրումն իրենց բացասական հետևանքներն են ունենում ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում հայ համայնքների պահպանման և դրանց բնականոն գործունեության ապահովման վրա: Նա շեշտադրեց, որ վերոնշյալ հիմնախնդիրների քննարկումն ունի գիտակիրառական արդիականություն և կարևոր նշանակություն:

Քննարկումը նպատակ ուներ ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մեկտեղմամբ գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո, քննարկել Համաս-Իսրայել հակամարտությունն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:

Քննարկմանը զեկուցմամբ հանդես եկան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. դր. Փոլ Հայդոստյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանը, նույն բաժնի առաջատար հետազոտողներ պ.գ.թ., դոցենտ Գոռ Գևորգյանը և պ.գ.թ. Գրիգոր Վարդանյանը:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ով նշեց, որ թեման շատ հետաքրքիր է և արդիական: Նա կարևորեց Արևելագիտության ինստիտուտում կազմակերպվող գիտակիրառական նշանակության քննարկումների և գիտաժողովների նշանակությունը, որը միտված է նաև ՀՀ պետական տարբեր ինստիտուտներ - գիտական շրջանակներ կապի և փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և զեկուցողներին: Նա շեշտեց, որ մեծապես կարևորում է Արևելագիտության ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև առկա համագործակցությունն ու դրա խորացումը: Նա ընդգծեց Հայաստանի տարբեր գիտական կենտրոնների և սփյուռքյան հաստատությունների միջև կապերի խորացման նշանակությունը: Պարոն Մարգարյանը ևս անդրադարձավ քննարկման թեմայի կաևորությանն ու տարածաշրջանային ընթացող զարգացումներում դրա ազդեցությանը:

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. դր. Փոլ Հայդոստյանն իր «Գազա-Իսրայել պատերազմը մերձավորարևելյան քրիստոնեական ընկալումներում» զեկուցման շրջանակում անդրադարձավ պաղեստինաիսրայելական հակամարտության ակունքներին, դրա քրիստոնեական ընկալումներին, շեշտադրեց Պաղեստինում ժողովրդագրական պատկերի փոփոխման նշանակությունը՝ հակամարտության խորացման տեսանկյունից: Նա ընդծեց, որ ներկա փուլում քրիստոնեական աշխարհի ընկալումները չափազանց բևեռացված են Գազա-Իսրայել հակամարտության հարցում: Օրինակ՝ Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը Գազայում ընթացող ռազմական գործողությունները որակել է որպես ցեղասպանական և դատապարտել Իսրայելի քաղաքականությունը: Արևմտյան մի շարք երկրների եկեղեցական տարբեր կենտրոններ անմիջապես արձագանքել են այս հայտարարությանը և հակազդել՝ նշելով, որ զարմանալի է արձանագրել, որ մերձավորարևելյան եկեղեցիները փոխանակ դատապարտեն Համասի գործողություններն Իսրայելի դեմ, ցեղասպանական են որակում Իսրայելի պատասխան քայլներն ու իր անվտանգության ապահովման փորձերը:

Հաջորդ օրինակը՝ 1880-ականներից գործող Կանանց համաշխարհային աղոթքի օր միջոցառումն է, որն այս տարի տեղի է ունենալու մարտի սկզբին և այս տարվա աղոթքն ուղղված է լինելու Պաղեստինի ժողովրդին: Այդ աղոթքը թարգմանվել է 80 լեզունելով և տարածվել աշխարհով մեկ:

Վերապատվելին խոսեց նաև քրիստոնեական սիոնիզմի, դրա առաջացման ու նպատակների մասին, ընդգծեց այս կրոնական հոսանքի ներկայացուցիչների հայացքների առանձնահատկություններն ու Իսրայելին աջակցություն հայտնելու շարժառիթները: Նա շեշտադրեց արդի փուլում կրոնի քաղաքականացման միտումներն ու դրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև ընդգծեց կրոնական դիվանագիտության կարևորությունը:

Լիլիթ Հարությունյանն իր «Գազա-Իսրայել ընթացող հակամարտությունը և դրա ազդեցությունն Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների վրա» զեկուցման շրջանակում ներկայացրեց վերջին շրջանում Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների զարգացման հիմնական միտումներն ու դրանց նշանակությունը: Նա անդրադարձավ 2020 թ. ԱՄՆ միջնորդությամբ Աբրահամյան համաձայնագրերի կնքման գործընթացին, որը նախատեսում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում մի կողմից Իսրայելի, իսկ մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի միջև: Այս համաձայնագրերն ըստ էության 1970-ականների վերջին ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի մաքոքային քաղաքականության շարունակությունն էին, որը նախատեսում էր անջատ խաղաղության համաձայնագրերի կնքում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Իսրայելի և առանձին արաբական երկրների միջև: 

Նա շեշտեց, որ ընթացող համակարտությունը թեև որոշակի բացասական հետևանք է ունեցել վերոնշյալ արաբական երկրներում Իսրայել- արաբական երկրներ հարաբերությունների բարելավման վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա, սակայն էականորեն չի փոխել այդ արաբական երկրների Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դրանք զարգացնելու քաղաքականությունը:

 Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ արդի փուլում առևտրատնտեսական շահերն ու փոխգործակցությունը, կոմունիկացիաների ապաշրջափակումը, ենթակառուցվածքների զարգացումը գերակա են դարձել համաարաբական շահերի և ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ:

Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն իր «Գազա-Իսրայել պատերազմն ու Եգիպտոսը» զեկուցման առանցքում ներկայացրեց Եգիպտոսի դերն ու նշանակությունն արաբ-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Նա շեշտադրեց ընթացող հակամարտության բացասական հետևանքներն ու փախստականների հիմնահարցերով պայմանավորված բարդությունները Եգիպտոսի տեսանկյունից: Եգիպտոսը, որ արաբական աշխարհում առաջին պետությունն է, որ 1970-ականների վերջին ԱՄՆ-ի միջնորդությամբ գնաց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուղղակիորեն առերեսվում  է Համաս-Իսրայել հակամարտության խորացմամբ պայմանավորված խնդիրների հետ:

Պարոն Գևորգյանը հիմնավոր և փաստարկված եզրակացրեց, որ առաջիկայում ևս, թեև ընթացող բարդ գործընթացներին, Եգիպտոսն ու Իսրայելը հազիվ թե գնան հարաբերությունների սառեցմանը, թեև չբացառեց սահմանային որոշ միջադեպքերի դրսևորումը, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունենա եգիպտաիսրայելյան հարաբերությունների, հատկապես դրա առևտրատնտեսական բաղադրիչի վրա:

Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանն իր «Իսրայեյան ներքաղաքական խոսույթի առանձնահատկությունները Համաս-Իսրայել հակամարտության շուրջ» զեկուցման շրջանակում խոսեց ընթացող հակամարտության նկատմամբ ներիսրայելյան տրամադրությունների, Նեթանյահույի կառավարության քաղաքականության նկատմամբ հասարակական տարբեր ընկալումների, ընդդիմադիր շարժումների և իսրայեյան հասարակության պառակտվածության պատճառների ու դրանց դրսևորումների մասին: Նա մասնավորապես շեշտեց, որ ընթացող հակամարտության սրացումն այս փուլում պատահական չէր, քանի որ գործող կառավարության վարած քաղաքականությունը մեծապես նպաստել էր իսրայելյան հասարակության պառակտմանն ու հասարակական բողոքի ու ընդվզման մեծացմանը:

Քննարկմանը մասնակցեցին մի շարք դիվանագետներ և դեսպաններ, մասնավորապես՝ Թունիսում և Մարոկկոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը, Էրբիլում ՀՀ նախկին հյուպատոս Արշակ Մանուկյանը, առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից՝ Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը և այլոք, գործընկերներ Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Բրուսովի անվան պետական համալսարանից և այլն:

Աշխատաժողովն ավարտվեց ամփոփիչ քննարկմամբ, որի ընթացքում դիվանագետները կարևորեցին թեմայի ընտրությունն ու դրա գիտակիրառական նշանակությունը: Նրանք շեշտեցին, որ տարածաշրջանում անկայունության մեծացումն իր բացասական հետևանքներն է ունենում ինչպես Հայաստանի Հանարապետության անվտանգային միջավայրի, այնպես էլ արաբական մի շարք երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների բնականոն գործունեության ապահովման վրա:

Շնորհակալություն ենք հայտնում ինչպես զեկուցողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց հարցադրումներով և դիտարկումներով մեծապես նպաստեցին այս կարևոր քննարկման կազմակերպմանն ու կայացմանը: