| ||||||||
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ 2024 թ. փետրվարի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին։ Նրանց ուղեկցել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման և նշել, որ եկեղեցին մշտապես կանգնած է եղել գրականության ստեղծման, սերունդների կրթության և դաստիարակության ակունքներում։ ՀԳԱ նախագահ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, ներկայացրել է ՀԳԱ-ի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են գրադարանների առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը և գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը ներկայացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ արտերկրում տպագրված գրական ժառանգության հայրենադարձության հարցը։ Նշել են, որ այս նախաձեռնության նպատակն է հավաքագրել հայ տպագիր ժառանգության բացառիկ արժեքների թվային պատճենները, որոնց բնօրինակները բացակայում են հայաստանյան գրադարաններում և որոնց թվայնացումը հնարավոր է դառնում նվիրյալ հովանավորների ջանքերով: Այս ուղղությամբ Հիմնարար գիտական գրադարանն արդեն որոշակի աշխատանքներ է տանում և կարևորում Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությունը: Մյուս խնդիրն այդ տպագիր ժառանգության ֆիզիկական փոխադրումն է Հայաստան, որը շատ դեպքերում հնարավոր չէ անել՝ սահմանված մաքսային օրենքների պատճառով: Նշվել է նաև, որ փոստային առաքման ծախսերը տարեցտարի բարձրանում են, իսկ գրադարանի ֆինանսավորումն այդ մասով մնում է նույնը։ Այդ իսկ պատճառով միջազգային գրքափոխանակության շրջանակում առաքվող գրականությունը կտրուկ նվազում է, դա էլ իր հերթին հանգեցնում է արտասահմանյան գործընկերների հետ կապերի խզմանը։ Մայա Գրիգորյանը կարևորել է արտերկրում տպագրված օտարալեզու գիտական հրատարակություններով Հիմնարար գիտական գրադարանի համալրումը, ինչը կնպաստի գիտության զարգացմանը: Տիգրան Զարգարյանն անդրադարձել է աշխարհի տարբեր հայագիտական կենտրոններում պահվող տպագիր ժառանգության ուսումնասիրության և մատենագիտական ցանկերի կազմման հարցին։ Նա նշել է, որ այս ուղղությամբ ևս Հիմնարար գիտական գրադարանը նշանակալի աշխատանք է կատարել։ Խոսքը «Հայ գիրքը Թուրքիայում» մատենագիտական շարքի առաջին հատորի մասին է, որտեղ ներկայացված են Ստամբուլի քաղաքային գրադարանում պահվող հայերեն և հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտական նկարագրությունները: Վեհափառ Հայրապետը խոստացել է հիմնադրամների միջոցով աջակցել գրադարանների նախաձեռնություններին: Լուսանկարները տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը |