News
21/02/2024
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել են սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանց և հաշվողական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել են սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանց և հաշվողական կենտրոն «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ Տեղադրվել է 8 սեյսմիկ կայան Սյունիքի մարզի Աղվանի, Կոտայքի մարզի Արզական, Արմավիրի մարզի Լեռնագոգ, Լոռու մարզի Շամուտ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր, Շիրակի մարզի Զարիշատ, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Սևաժայռ բնակավայրերում։ 

Մշտադիտարկման ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 20-ին։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը նշեց, որ սեյսմաբանությունը Հայաստանի համար միշտ լինելու է առաջնային գիտական ուղղություն։ «Սեյսմաբանությունը մեկ երկրի խնդիր չէ, և այս ոլորտում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը և մասնակցությունը համապատասխան ծրագրերի իրականացմանը», - ասաց ակադեմիկոս Թավադյանը։

«Կովկասի և Միջին Ասիայի երկրներում հայկական թիմն առաջինն ավարտեց սեյսմիկ կայանների տեղադրումը և ցանցի ստեղծման աշխատանքները։ Նոր ցանցը ստեղծվել է Սեյսմաբանական միացյալ հետազոտական ինստիտուտների (IRIS) պահանջներին համապատասխան։ IRIS-ի հետ մեր ցանցը կատարում է տվյալների փոխանակում։ Ես վստահ եմ, որ այս նոր ցանցը կգեներացնի բարձր մակարդակի գիտական և կիրառական արդյունքներ, կնպաստի Հայաստանում սեյսմաբանության և հարակից գիտությունների դինամիկ զարգացմանը և սեյսմիկ վտանգի ադեկվատ գնահատմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի ղեկավար Հեկտոր Բաբայանը ներկայացրեց սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի կառուցվածքը։ «Այս ցանցի հիմնական նպատակն է հավաքել գիտական տվյալներ, որոնք հետագայում կօգտագործվեն գիտական տարբեր ծրագրերի համար։ Այդ տվյալները բաց են, և բոլորը կարող են օգտվել դրանցից», - նշեց Հեկտոր Բաբայանը։

Սեյսմաբանության խմբի ղեկավար Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց ցանցի տվյալների օգտագործման հնարավորությունները Հայաստանի և տարածաշրջանի գիտատեխնիկական տարաբնույթ հիմնախնդիրների լուծման համար։ Նա նշեց, որ այն գիտական աշխատությունները, որոնք իրականացվել են SNECCA ծրագրի շրջանակներում, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում, 6 աշխատություն տպագրվել է միջազգային, իսկ 7-ը՝ տեղական

պարբերականներում։ Հիմնվելով ցանցի տվյալների վրա՝ Հայաստանում 3 ասպիրանտ պաշտպանել է թեկնածուական, 5 ուսանող՝ մագիստրոսական աշխատանքներ, և մեկ ուսանող Թայվանի Սինիկայի ակադեմիայից իրականացրել է հետթեկնածուական  (PostDoc) հետազոտություններ։

«Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (US DOE) ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործընկերային նախագծի միջոցով։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․02․2024թ․