News
20/12/2023
Մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ 

Հոբելյանական նիստի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Մոլդովայի գիտությունների ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի գիտական համայնքը, պատվիրակություններ 12 պետություններից։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«Ակադեմիան երկրի բարձրագույն գիտական կենտրոնն է, ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուն, որը 80 տարիների ընթացքում դժվարին և բովանդակաշատ  ուղի է անցել, ձեռք է բերել գիտական մեծ նվաճումներ, արժանացել համաշխարհային ճանաչման», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

 

Ակադեմիկոս Սաղյանը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին ակադեմիան ունեցել է ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր է ստանձնել Խորհրդային Միության Հանրապետությունների գիտությունների ակադեմիաների շարքում։

«Ակադեմիայի իրական վերելքի ժամանակաշրջանը մեկնարկում է 1950-ական թվականներից, երբ շուրջ երկու տասնամյակում ստեղծվեցին 40-ից ավելի գիտական ինստիտուտներ։ Անցած 80 տարիների ընթացքում ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հետազոտություններ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում։ Ներկայի և

պատմական Հայաստանի ժառանգության ուսումնասիրողը և վերծանողն է ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, որի մշակներին ենք պարտական համաշխարհային քաղաքակրթության բացառիկ ու եզակի նմուշների բացահայտման և ուսումնասիրման համար։ Հայ պատմաբանների ընդհանրացված ձեռքբերումներն են Հայ ժողովրդի պատմության 8 հատորյակը, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները», - ասաց Աշոտ Սաղյանը։

 

Նա նշեց, որ ԳԱԱ-ն համագործակցում է ավելի քան 40 երկրների ակադեմիաների հետ։ Պատրաստվում է համագործակցության նոր պայմանագիր «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի հետ, քննարկվում է Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տարածաշրջանային կենտրոնի բացումը ՀՀ ԳԱԱ-ում։  

Աշոտ Սաղյանը շեշտեց, որ անհրաժեշտ է ներդնել ԳԱԱ բարեփոխումների ծրագիրը, արդիականացնել համակարգի գործառույթները՝ դրանք համապատասխանեցնելով գիտության զարգացման ժամանակակից պահանջներին։ 

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է  դարձնել Հանրապետության տնտեսության կարիքներից բխող կիրառական աշխատանքներին։ Անհրաժեշտ է ակտիվացնել պետական կառավարման մարմիններին գիտամեթոդական և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը, ներդնել գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգ։ Առաջացել է անհրաժեշտություն արագ և համարժեք արձագանքելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի հայրենազրկման հետևանքով առաջացած նոր մարտահրավերներին», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» մեգանախագծին։ «Կարևորելով ՀՀ կառավարության այդպիսի խոշորամասշտաբ ծրագիր մշակելու և ներդնելու նախաձեռնությունը՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն պետք է իրականացվի բովանդակային առումով ճիշտ, խորը մասնագիտական քննարկումների և վերլուծությունների հիմքի վրա, որպեսզի չխաթարվի արդեն կայացած գիտական ավանդույթներ ունեցող, միջազգային գիտական տարածքում իր ուրույն տեղը ձեռք բերած, ժամանակի 80-ամյա քննությանը դիմացած և գիտության մի շարք բնագավառներում համաշխարհային ճանաչում ստացած գիտական համակարգը։ «Ակադեմիական քաղաքի» կլաստերներում կարելի է ներգրավել այն գիտահետազոտական կազմակերպությունները,

որոնց գործունեությունն ամբողջովին կամ գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ։ Դա հնարավորություն կտա տարանջատել հիմնարար և կիրառական հետազոտությունները և ԳԱԱ-ին վերապահել իրեն հոգեհարազատ հիմնարար հետազոտությունների ոլորտը։ Համոզված եմ, որ նշված միջոցառումների իրականացման արդյունքում հնարավոր կլինի պահպանել ՀՀ ԳԱԱ-ի լավագույն ավանդությունները և զարգացնել նորերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության գիտակրթական և գիտատեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության զարգացման և պետության պաշտպանողականության հզորացման», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաները, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Տեսաուղերձով հանդես եկան Միջազգային գիտական խորհրդի (ISC) նախագահ Փիթեր Գլյուկմանը, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրահմատովը,  Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար,  Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ մի շարք աշխատակիցների պարգևատրեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.12.2023թ․