News
05/12/2023
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառում՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24ա, 2-րդ հարկ), տեղի կունենա Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը։ Այն կազմակերպել է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ: 

Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մրցույթները, ինչպես նաև Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների մասնակցության հնարավորությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրում և նրա ենթածրագրերում՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները», «Մասնակցության ընդլայնում և եվրոպական հետազոտական տարածքի հզորացում», «Նորարարությունների Եվրոպական Խորհուրդ», «COST գործողություններ» և այլն։ Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխաններ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ 

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ. համար: Շուրջ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․12․2023թ․