News
29/11/2023
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մեկտեղմամբ գիտական դիվանագիտության հարթակում քննարկել հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավորություններն ու գործիքակազմերը փոխակերպվող տարածաշրջանում։

Գիտաժողովին կմասնակցեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2007-2018 թթ.), Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլը, ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության դիվանագետներ Լևոն Պետրոսյանը և Դավիթ Ալավերդյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ՀՀ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի ընթացքում առաջատար հետազոտողները՝ Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, կներկայացնեն 15 զեկուցում «Արաբական երկրների հայ համայնքների զարգացման առանձնահատկությունները. արդի հիմնախնդիրներ և հեռանկարներ» և «Մերձավոր Արևելքի հայ համայնքները տարածաշրջանային արդի փոխակերպումների առանցքում» խորագրերով նիստերի ընթացքում։

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը: 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29․11․2023թ․