News
28/11/2023
Մամուլի ասուլիս` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

Սույն թվականի  նոյեմբերի 29-ին՝ ժամ 16։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը։ Ասուլիսին կմասնակցեն  ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ստեղծվել է 2023թ․ նոյեմբերին։ Հիմնադրամի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել ՀՀ գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։ Հիմնադրամը գիտական փաստերով պետք է հակադարձի նաև տարածաշրջանի պատմության խեղաթյուրման քաղաքականությանը, հակահայկական քարոզչությանը։

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների ջանքերի զուգակցմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․11․2023թ․