News
14/11/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին գիտական արդյունքի առևտրայնացման հարցերը

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտություն, տնտեսություն` տեխնոլոգիաների առևտրայնացում» թեմայով միջոցառումը: Այն կազմակերպել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը՝ «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ» նախաձեռնության շրջանակներում:

«Մեր ինստիտուտներն ունեն մի շարք նվաճումներ, որոնք կարող են առևտրայնացվել։ Ունենք հաջողված օրինակներ։ Հիմա ակադեմիայում փորձում ենք ավելի շատ զարգացնել տնտեսության պահանջարկից կամ պետական կարիքներից բխող հետազոտությունները, բայց մենք կարիք ունենք պատվերների և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտների կողմից։ Այս նպատակով վերջին տարիներին ակադեմիայում մի քանի անգամ հավաքել ենք կիրառական ծրագրերի կատալոգներ, ներկայացրել բոլոր նախարարություններին և տնտեսվարող սուբյեկտներին։ Դրանք պարբերաբար հրատարակվում են, և որոշակի աշխատանքների ուղղությամբ ունենք արդյունքներ։ Որպեսզի խնդիրն ավելի համակարգային լուծում ստանա, մենք կարիք ունենք համագործակցելու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի, մասնավոր ոլորտի հետ։ Նման գիտաժողովները պետք է ավելի հաճախ կազմակերպենք, որպեսզի մի տեղ հավաքենք և՛ պատվիրատուին, և՛ կատարողին», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

«Մենք շատ ցանկանում էին լայնամասշտաբ միջոցառումներ անցկացնել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակի ստեղծման շրջանակներում և մեր համագործակցության հետ կապված, և սա մեր առաջին քայլն է։ «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ»-ի թեման նորարարություններն են, և մենք ցանկանում ենք ցույց տալ գիտնականներին գյուտերի առևտրայնացման գործընթացը։ Այս  տարի ՀՀ կառավարությունը հաստատեց հատուկ բյուջե, և հաջորդ տարվանից արդեն կֆինանսավորվի առանձին տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակ Հայաստանում։ Սա նախադեպ է, և այն կտա հնարավորություն կատարելու ավելի ինստիտուցիոնալ աշխատանքներ։ Մեզ համար շատ կարևոր է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ շարունակական համագործակցությունը», - ասաց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը։

«Համաշխարհային ձեռներեցության շաբաթը 16 տարի է՝ կազմակերպվում է աշխարհում։ Այս ծրագրին մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Մենք առաջին անգամ ենք նման մեծ թափով մասնակցում, և ես հույս ունեմ, որ Հայաստանում սա կդառնա ավանդույթ», - ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Նժդեհ Հովհաննիսյանը։

Միջոցառման ժամանակ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի համակարգող, Տեխասի համալսարանի պրոֆեսոր Միհրան Արոյանը հանդես եկավ «Ինչ է տեխնոլոգիաների առևտրայնացումը» թեմայով զեկուցմամբ։ Նա ներկայացրեց գիտական արդյունքի առևտրայնացման առաջին քայլերը և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացի հիմնական սկզբունքները,  անդրադարձավ Հայաստանի գիտական ներուժին։ «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր խումբը եղել է Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, և մենք հասկացել ենք, որ Հայաստանն ունի ուժեղ գիտական հնարավորություններ, որ գիտությունը և տեխնոլոգիաներն այն երկու ուղղություններն են, որոնց միջոցով Հայաստանը կարող է զարգանալ և դառնալ լուրջ կենտրոն գիտական հետազոտությունների և նորարարությունների համար։ Եվ մենք հասկացել ենք, որ շատ կարևոր է Սփյուռքի ներգրավումն այս գործընթացում», - ասաց Միհրան Արոյանը։

Այնուհետև ծավալվեց հարց ու պատասխան գիտական արդյունքների առևտրայնացման, հեղինակային իրավունքի, նոր տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․11․2023թ․