News
13/11/2023
«Քիմիան Արտեմ Օհանովի հետ»․ անվանի գիտնականը Երևանում ներկայացրեց իր նոր գիրքը

Սույն թվականի նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանն անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը ներկայացրեց իր նոր «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Հանդիպումը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։


«Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, քան Արտեմ Օհանովն է։  Ավագ սերնդից ես նրան կհամեմատեի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։ Արտեմը հրաշալի ու պարզ բացատրում է գիտության ամենաբարդ խնդիրները։ Արտեմը նոր լիցք է տվել բյուրեղային քիմիային։ 2006 թվականին նա ստեղծեց բյուրեղային կառուցվածքների համակարգչային կանխատեսման «USPEX» ծրագիրը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր միացություն՝ բորոֆեն, որը գրաֆենի ձևափոխված տարբերակն է, ածխաթթվի փոխարեն պարունակում է բոր։ Իր կողմից կանխատեսված միացությունները բացահայտվել են նույնիսկ այլ մոլորակների վրա», - ասաց Ռուբեն Հարությունյանը։


ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանն անդրադարձավ պրոֆեսոր Օհանովի «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գրքին։ «Սա յուրահատուկ գիրք է՝ հետաքրքիր օրինակներով։ Այստեղ տեղին է մեջբերել մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․ «Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է, բայց ոչ ավելին»։ Հենց այս սկզբունքին է հետևել գրքի հեղինակ Արտեմ Օհանովը։ Բացի այդ, գիրքն առանձնանում է քիմիայի հիմունքների և սկզբունքների յուրօրինակ հանրահռչակմամբ և մատուցման գիտական խստությամբ», - ասաց ակադեմիկոս Լևոն Թավադյանը։


«Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը մեկ շաբաթ առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության գիտահանրամատչելի գրքերի մրցույթի առաջին մրցանակը։ Այժմ տպաքանակն ավարտվել է։ Սպասվում է, որ այն կվերահրապարակվի հաջորդ տարվա սկզբին։ Գիրքը դպրոցականներին պատմում է քիմիական տարրերի, ատոմների ու մոլեկուլների, բյուրեղների մասին՝ վառ նկարազարդումներով։ 


Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցում էին և՛ պրոֆեսորներ, և՛ երիտասարդներ, և՛ դպրոցականներ։ 

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Ռուսաստանի Դաշնության Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, Հիրշի ինդեքսը՝ 86։ 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13․11․2023թ․