News
06/11/2023
Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:

Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Գևորգ Բաղդասարյանը տասնամյակներ շարունակ հաջողությամբ զբաղվել է գիտական և գիտակազմակերպչական գործունեությամբ։ Նա 1979-1988թթ-ին  եղել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-1988թթ-ին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1992-1994թթ-ին՝ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1988-2000թթ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1994-1998թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, 1998-2002թթ-ին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ-ին՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական, 2007թ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 2007թ-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Անուրանալի է Գևորգ Բաղդասարյան գիտնական-մտավորականի ավանդը մեխանիկայի բնագավառի տարբեր ոլորտներում իրականացված հետազոտական աշխատանքներում։ Նրա բազմաթիվ կարևորագույն արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել գնահատանքի։
Գևորգ Բաղդասարյանն առաջնեկն է հայրենական գիտական աշխարհում գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող բարակապատ մարմինների կայունության (ֆլատեր) հարցերի ուսումնասիրման բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ ֆլատերի խնդիրները դարձել են գիտական հանրության ուսումնասիրման առարկա, և այդ ուղղությունը Հայաստանում լուրջ զարգացում է ապրել: Գևորգ Բաղդասարյանն իր աշխատանքներում ուսումնասիրել է նաև բարակապատ մարմինների տատանումներն ու կայունությունը, ալիքային պրոցեսները և ճաքեր պարունակող մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները, ստացել է մի շարք մնայուն արդյունքներ: Նա «Բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկա» գիտական ուղղության հիմնադիրներից է, գիտական դպրոցի ղեկավարը։ Իր գիտական գործունեության շնորհիվ նա դարձել է միջազգային ասպարեզում լայնորեն ճանաչված գիտնական:

Գևորգ Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է շուրջ 300 գիտական աշխատության, 6 մենագրության, որոնց մեծ մասը թարգմանվել է տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:


Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Բաղդասարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ ՀՀ նախագահի մրցանակի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալի։ Նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

Գևորգ Բաղդասարյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նա հայաստանյան գիտության և կրթության հենասյուներից էր։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական անձնակազմը վշտակցում և իր խորը ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Գևորգ Բաղդասարյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-20։00-ին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11․2023թ․