News
22/09/2023
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»  հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»։ Նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացմանը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը և հանրության լայն շրջանակներին իրազեկմանը։

Մրցույթը նախատեսված է գիտության բոլոր բնագավառների համար։ Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել գիտության հանրայնացմանը, հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանն ուղղված նախագծերի իրագործման համար։ Յուրաքանչյուր նախագծի իրականացման համար ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հայտ կարող են ներկայացնել առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր, ուսանողներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայտատուն կամ խմբի անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 27-ն է։

Հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից։ Գնահատվում է նախագծի հիմնավորումը, ակնկալվող չափելի արդյունքները, նախահաշիվը, համաֆինանսավորման առկայությունը, գիտության հանրայնացման կամ լուսաբանման ուղղությամբ հայտատուի, խմբի ունեցած փորձը և ձեռքբերումները։

Մրցույթի փաթեթը՝ այստեղ։  Մրցույթի հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․09․2023թ․