| ||||||||
Սույն թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցավ եռակողմ առցանց հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի գիտնականների ու մասնագետների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին արդյունաբերական ձեռնարկությունների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների սկզբունքները և դրանց ներդրումը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Լավագույն մատչելի տեխնոլոգիաների ռուսական բյուրոյի, Ռուսաստանի Դաշնության «էկոլոգիական արդյունաբերական քաղաքականության» հետազոտական ինստիտուտի և Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկեցին արդյունաբերական ձեռնարկությունների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների սկզբունքների և դրանց ներդրման հայեցակարգի առաջացման պատմությունը, հիմնական մոտեցումները, մշակման, ակտուալացման և կիրառման կարգը, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների ռեսուրսների, բնապահպանական և տնտեսական արդյունավետության բարձրացումը՝ լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց «կանաչ» ծրագրերին, դրանց միջազգային և ազգային առաջնահերթություններին և աջակցության գործիքներին։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ Հայաստանում, Ռուսաստանում և Բելառուսում առկա լավագույն տեխնոլոգիաների ներդրումը կհանգեցնի արդյունաբերության ոլորտի էական բարելավմանը և արդյունավետությանը կայուն զարգացման և կլիմայական ռիսկերի հակազդման ուղղությամբ գլոբալ խնդիրների լուծման գործում։ |