News
07/07/2017
ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հստակեցրին համագործակցության ուղղությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը   (ՀԱԱՀ) հստակեցրին համագործակցության ուղղությունները հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ նախագահության արտագնա նիստում: 
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում ասաց. «ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջատար մասնագետները միշտ էլ կապ են ունեցել մեր ԲՈՒՀ-ական համակարգի հետ, մասնակցել են գիտական  հիտազոտություններին:
ՀՀ ԳԱԱ համակարգում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց հիմնարար հետազոտությունների մի մասն անմիջապես առնչվում է գյուղատնտեսական հետազոտություններին,  գյուղատնտեսական արտադրության խնդիրներին: Դա վերաբերում է համաճարակներին, սննդի անվտանգությանը և նոր գաղափարներին, որոնք կապված են արտադրության արդյունավետության հետ: Հաշվի առնելով այն առաջարկները, որոնք կձևակերպվեն որպես հիմնարար և կիրառական բնույթի համատեղ հետազոտություններ, կդիմենք  պետական պատվերի ձևավորման հարցով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե»: 

20170707_big.jpg
Իր ողջույնի ելույթում ՀԱԱՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանն ասաց. «Մեր  հիմնական նպատակն է ճշգրտել այն հնարավոր ուղղությունները, որոնք թույլ կտան Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան գիտական կենտրոնների, ինստիտուտների հետ համատեղ ուժերով լուծել խնդիրներն ավելի արագ, ավելի արդյունավետ և նպաստել գյուղատնտեսության զարգացմանը»: 

Նիստի ընթացքում ներկայացվեցին գիտական զեկուցումներ հետևյալ հիմնախնդիրների վերաբերյալ. 

  • բուսաբուծության արդյունավետության բարձրացում
  • անասնաբուծություն և տոհմաբուծություն
  • բուսական և կենդանական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիաներ
  • սննդի անվտանգություն
  • գյուղատնտեսական արտադրության մեքենայացում
  • հողային և ջրային պաշարների պահպանում, գույքագրում և օգտագործում
  • ագրարային քաղաքականության վարում և գյուղատնտեսության կոոպերացիա:

Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ շահագրգիռ գիտական կազմակերպությունների տնօրենները, ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.07.2017թ.