News
05/06/2023
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը մեկնարկում է ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված գիտական միջոցառումների շարք

Սույն թվականի հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ 

Ֆորումին զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։

Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4) տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով:

Ֆորումի նիստերին կարելի է հետևել այս հղումով:
    
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․06.2023թ.