News
15/02/2023
Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվեցին ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների տնօրենները, գիտաշխատողներ։ 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շեշտեց․ «Մենք պետք է ներկայացնենք ներդրումային մեծ ծրագրեր՝ ուղղված պետության հզորացմանը»։ ՀՀ ԳԱԱ նախագահը կարևորեց ԳԱԱ-ում բարեփոխումների իրականացումը, գիտական կենտրոնների ստեղծումը։ 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի ինստիտուտների տնօրենների հետ մշակվող նպատակային ծրագրերը։

Ինստիտուտների տնօրենները և գիտաշխատողները քննարկեցին օպտիմալացման և միջգիտակարգային համագործակցության վերաբերյալ հարցերը։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Տպավորություն է ստեղծվում, թե օպտիմալացում, միջգիտակարգային կապեր, համագործակցություն ինստիտուտների միջև չի եղել։ Ինստիտուտներում օպտիմալացում եղել է, համագործակցություն՝ ևս։ ԲՈՒՀ-երի մասնակցությամբ բազմաթիվ գիտաժողովներ ենք անցկացրել։ Ես առաջարկում եմ՝ ո՛չ համալսարանը քանդեն, ո՛չ էլ մենք փոշիանանք՝ այնտեղ գնալով։ Առաջարկում եմ մագիստրոս, ասպիրանտ, դոկտորանտ ակադեմիայում պատրաստենք»։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց․ «Գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք է, և դեպի ԲՈՒՀ-եր գնալը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Հայագիտությունը հայտնվելու է լճացման մեջ, իսկ առանց հայագիտության զարգացման Հայաստանն ապագա չունի»։ 

Քննարկման մասնակիցները ներկայացրին առաջարկություններ՝ միջգիտակարգային համագործակցության, ինստիտուտների ուժեղացման, փորձագիտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.02.2023թ․