News
07/02/2023
ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակ։ Հարթակի քննարկումները կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ և նպատակ ունեն ձևավորելու ստեղծագործական միջավայր կիրառական նշանակություն ունեցող խոշորամասշտաբ միջգիտակարգային ծրագրեր գեներացնելու համար: Խոսքը նախաձեռնությունների վրա հիմնված խոշոր ծրագրերի մշակման միջավայր ձևավորելու մասին է։

Հարթակի քննարկումները տեղի են ունենում ըստ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների։ Քննարկումներին մասնակցում են ինչպես ակադեմիական կազմակերպությունների տնօրենները, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, այնպես էլ ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկայում քննարկվում է նախագծերի մշակման երեք ձևաչափ՝ 

  • հանրային ներդրումային ծրագրեր
  • գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր
  • հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագրեր:

Հարթակի աշխատանքները սկսվել են սույն թվականի հունվարի 18-ից։ Արդեն տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ՀՀ ԳԱԱ բոլոր բաժանմունքների ինստիտուտների տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում առաջարկվել են մի շարք նախագծեր, որոնք իրենց բնույթով միջգիտակարգային են և հիմնականում ընդգրկում են մեկից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ: Նախագծերը նախապատրաստական փուլում են։ Մշակումների ընթացքը քննարկվում է հարթակում: Նախատեսվում է նաև գեներացնել նախագծեր, որոնք հնարավորություն կտան հայտեր ձևավորել գիտական, գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություններին դիմելու համար:

Հարթակի աշխատանքները լինելու են շարունակական, ինչը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց ավանդը բերելու խոշորամասշտաբ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․02.2023թ․