| ||||||||
Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված ակադեմիական համակարգի բարեփոխումներին։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտական անձնակազմի ներկայացուցիչներ: Նշվեց, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներուժով բազմապրոֆիլ համակարգ է, և պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն այդ ամբողջ ներուժը։ Շեշտվեց, որ, լինելով գիտության և գիտական մշակույթի կրողը, ՀՀ ԳԱԱ-ն պետք է ունենա հավասարակշռված մոտեցում՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության հանդեպ։ «Մեզ պետք է գիտություն, որը կտա հստակ մշակումներ։ Մենք պետք է առաջարկենք ներդրումային և նպատակային ծրագրեր, որոնց մի մասը պետք է լինեն կիրառական բնույթի», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից են գիտական արտադրանքի սերտիֆիկացումը, գիտաարտադրական համալիրի ստեղծումը։ Առաջարկվեց ստեղծել ակադեմիական կլաստեր, որը կարող է դառնալ եվրոպական նման համակարգի մաս։ Նշվեց գիտության մենեջերների անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն գիտության կապն այլ ոլորտների հետ։ Գիտության և կրթության կապի ամրապնդման նպատակով առաջարկվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը վերածել հետազոտական համալսարանի։ Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններին կոչ արեց հանդես գալ հավակնոտ ծրագրերով։ Նա նշեց, որ հարկավոր է երիտասարդացնել ԳԱԱ ղեկավարությունը, խթանել երիտասարդների ներգրավվածությունն ակադեմիական կառավարման համակարգում։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց․ «Մենք պետք է լինենք այն ուղեղային վերլուծական կենտրոնը, որը կառաջարկի մեծ ծրագրեր, որոնք պետք են երկրին և մեզանից յուրաքանչյուրին։ Այդօրինակ ծրագրերն ունեն մեծ մոբիլիզացիոն ներուժ»։
|