News
22/12/2022
ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Խաչատուր Մայրապետյանը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մայրապետյանը:

Խաչատուր Մայրապետյանը ծնվել է 1969 թվականին՝ Կամո քաղաքում: 1992 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1992-1993 թվականներին սովորել է ՀՀ Կոտայքի շրջանային կենտրոնական հիվանդանոցի ինտերնատուրայում` «ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտությամբ, 1993-1995 թվականներին՝ Իվան Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիայի ոչ ավանդական բժշկության և ֆիզիոլոգիայի ամբիոնի օրդինատուրայում:

2002-2006 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական արդյունքների ներդրման գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2006 թվականից՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

Խաչատուր Մայրապետյանի գիտական նախասիրություններն ընդգրկում են դեղատու և եթերայուղատու բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգակենսաքիմիական ու դեղաքիմիական հիմունքների և հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակում, ջերմատնային հիդրոպոնիկա: Նա իրականացրել է արժեքավոր դեղաբույսերի և համեմունքային մշակաբույսերի լայնամասշտաբ` արտադրական փորձարկումներ, Արարատյան դաշտի պայմաններում բույսերի հիդրոպոնիկ մեծաքանակ արտադրության տնտեսական արդյունավետության գնահատում, դեկորատիվ ծառաթփատեսակների և խաղողի հիդրոպոնիկ եղանակով տնկիների աճեցման գիտական հիմունքների բացահայտում,  հիդրոպոնիկ և հողային բույսերում ծանր մետաղների և արհեստական ռադիոնուկլիդների կուտակման բնույթի բացահայտում և գնահատում հող-ջուր բույս ու լցանյութ-սննդալուծույթ-բույս համակարգերում: 

Խաչատուր Մայրապետյանը 46 գիտական հոդվածի և թեզիսի հեղինակ է, ստացել է հիդրոպոնիկ նոր, ժամանակակից համակարգերի վերաբերյալ 4 գյուտի արտոնագիր:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Խաչատուր Մայրապետյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի նվաճումները, խնդիրներն ու հեռանկարները։ «Վերջին հինգ տարում հիդրոպոնիկ մշակույթ են ներմուծվել շուրջ 60 թանկարժեք, հազվագյուտ, անհետացող, փոքրատոննաժ դեղատու, եթերայուղատու, համեմունքային, տեխնիկական, սննդային և այլ բուսատեսակներ, ինչպես նաև մեծ պահանջարկ ունեցող գեղազարդ ծառաթփատեսակներ, մշակվել են դրանց անհող աճեցման գիտական հիմունքները և արտադրության կենսատեխնոլոգիաները: Ստեղծվել է այդ թանկարժեք բուսատեսակների հիդրոպոնիկ և in vitro հավաքածու-բանկ», - ասաց Խաչատուր Մայրապետյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում առկա վարելահողերը հիմնականում զբաղեցված են կենսական առաջին անհրաժեշտության մշակաբույսերով: Ուստի դեղատու և սննդային բույսերի արտադրությունը նպատակահարմար է կազմակերպել երկրագործության համար ոչ պիտանի, էկոլոգիապես անբարենպաստ հողատարածքների վրա` այդ նպատակով օգտագործելով բացօթյա հիդրոպոնիկումներ և հիդրոպոնիկ նորարար տեխնոլոգիաներով ջերմատներ: «Այդ կապակցությամբ քայլեր ենք ձեռնարկում վերանորոգելու և վերականգնելու նախկին ԽՍՀՄ տարածքում միակ, ավստրիական «Ռութներ» ֆիրմայի աշտարակային՝ եռաչափ ջերմատունը, որտեղ պետք է աճեցվեն հիմնականում սննդային բույսեր», - ասաց Խաչատուր Մայրապետյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.12.2022թ.