News
16/12/2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի արդյունքները

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ներկայացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի արդյունքները:

 

Նիստին մասնակցեցին Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամները, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, ծրագրի խորհրդականներ Ալեքսանդր Առաքելյանը, Հովիկ Սայադյանը, Էդգար Փիրումյանը, Իրինա Բալասյանը, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ փորձագետ Գայանե Ղարագեբակյանը, ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը: 

Ըստ EU4Sevan ծրագրի հաշվետվության՝ ծրագիրն ընդգրկել է Սևանա լճի ավազանի 5 համայնքներ, որտեղ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ: Ծրագրի բաղադրիչներն են՝ Սևանա լճի ջրահավաք ավազանում ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավում, կայուն հողօգտագործում, կոյուղաջրերի մաքրում ու կառավարում, իրազեկության բարձրացում և տեղեկատվության հասանելիություն, Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում: 

EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը նշեց. «Գլխավոր հարցը տեսլականն է՝ ինչպես ենք մենք տեսնում Սևանա լճի ապագան, ինչ ակնկալիքներ ունենք: Կարևոր է օրենսդրական դաշտի կարգավորումը և որոշում կայացնող կառույցների միջև երկխոսությունը, ինչպես նաև տվյալների կառավարման հարցը: Անհրաժեշտ է տվյալների միասնական հարթակի ստեղծում, որը կարող է աջակցել որոշում կայացնողներին»‎:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը բարձրացրեց լճի ավազանում հանքավայրերի շահագործման հարցը: «Այդ հարցը պետք է ներառվի ծրագրի ճանապարհային քարտեզում, պետք է գնահատվի հանքավայրերի ներկա և հնարավոր ազդեցությունը: Խոսքը փոքր հանքերի մասին է, որոնց հետ կապված ամեն շաբաթ հանձնաժողովը հայտեր է ստանում և քննարկում: Սա կարևոր հարց է և կարևոր ազդեցություն ունի լճի ջրի որակի և էկոհամակարգի վրա»‎, - ասաց Բարդուխ Գաբրիելյանը: Նա նաև նշեց, որ պետք է թիրախային աշխատել ձկնորսների հետ: «Սևանա լճի ավազանում բնակվողների մեծ մասը կապված է ձկնորսության հետ, և կարևոր է, որ նրանք հասկանան, որ այդ ռեսուրսների կանոնավոր և կայուն օգտագործումն իրենց համար ավելի օգուտ կլինի»‎, - ասաց Բարդուխ Գաբրիելյանը:  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.12.2022թ.