News
13/12/2022
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» արդյունքները:  

Մրցույթի շահառուներն են ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից Սիրանուշ Փարսադանյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից Անի Հակոբյանը, Հայաստանի պատմության թանգարանից Մարիամ Սարիբեկյանը և Մարիամ Պետրոսյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Արման Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանից Նարեկ Սուքիասյանը:

 

Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից կատարվող հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների, օտարալեզու տպագրությունների քանակի ավելացմանը։ Մրցույթի շահառուներն իրենց հետազոտությունները պետք է իրականացնեն 12 ամսվա ընթացքում և արդյունքում ունենան կամ անգլալեզու հրապարակում տեղական գիտական ամսագրերում, որոնք ընգրկված են Բարձրագույն որակավորման կոմիտեի ցուցակում, կամ անգլալեզու գիտական հոդված, որն ուղարկվել է տպագրության և ստացել է առաջին գրախոսականը (review) միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php պորտալում)՝ առնվազն Q4 քառորդում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.12.2022թ.