News
12/12/2022
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել և իրականացնել փոխշահավետ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և փորձագետների փոխանակում, փոխադարձ  հետաքրքրություն  ներկայացնող  ոլորտներում  համատեղ հետազոտություններ, համատեղ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական հոդվածներ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը: «Այսօր Արցախի հանդեպ տեղի է ունենում անարդարություն: Շուշին միշտ եղել է հայաշատ բնակչությամբ: Մինչ 1920 թվականը, ամբողջ  18-19-րդ դարերին հայկական տարածքում գործող մշակութային խոշոր կենտրոնը Շուշին էր: Այսօր բոլորս պետք է մասնակից լինենք և մեր ավանդն ունենանք, որպեսզի պատմական անարդարությունը շտկվի: Մեզ գործնական քայլեր են պետք՝ Արցախը հզորացնելու համար: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, իսկ Արցախին մաղթում եմ անկախ կարգավիճակի նվաճում», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ համագործակցության համաձայնագրի կնքումը կարևոր փուլ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կյանքում:

«‎Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի բազմակողմանի և բազմաշերտ: Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ: Ուզում եմ նշել, որ Արվեստի ինստիտուտն Արցախի կողքին է, և ինչով կարող ենք, օգտակար կլինենք ձեզ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.12.2022թ.

Photogallery