News
12/12/2022
«Մատենագիտության զարգացման հիմունքները թվային դարաշրջանում» թեմայով սեմինար-քննարկում` ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում կայացավ «Մատենագիտության զարգացման հիմունքները թվային դարաշրջանում» թեմայով սեմինար-քննարկումը։ Միջոցառմանը մասնակցեցին գրադարանավարներ, մատենագետներ և ոլորտի մասնագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը: Նա կարևորեց արդի շրջանում հայ մատենագիտության զարգացմանն ուղղված ջանքերը: «Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրերի մուտքը գրադարան ձևափոխել է գրադարանի մասին ավանդական պատկերացումները՝ ստիպելով վերանայել կամ վերաձևակերպել ավանդական մի շարք գործառույթներ: Մատենագիտությունը ևս հայտնվել է փոփոխությունների կիզակետում: Այսօր գրեթե բոլոր գրադարաններում ստեղծվում են էլեկտրոնային քարտարաններ, թվային շտեմարաններ, որոնք յուրօրինակ մատենագիտություններ են՝ որոնման համապատասխան համակարգով: Շատ կարևոր է, որպեսզի գրադարաններն ընդառաջ գնան նոր պահանջներին, իսկ մատենագետները վերանայեն մատենագիտությանն առաջադրված նախկին պահանջները»,- ասաց Մայա Գրիգորյանը:

  

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Տիգրան Զարգարյանը ներկայացրեց թվային դարաշրջանում մատենագիտության առջև ծառացած խնդիրները, հնարավորությունները և մարտահրավերները: Նա անդրադարձավ մատենագիտական չափորոշիչներին, նրանց տարբերություններին թղթային և էլեկտրոնային նկարագրությունների դեպքում, ապա՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի և Վիեննայի Մխիթարյան միաբանության ջանքերով ստեղծված «Վիեննայի Մխիթարեան մենաստանի մամուլը» շտեմարանի մատենագիտական նկարագրություններին: Առանցքային հարցերից էր Վիքիպեդիա-գրադարան կապի ստեղծումն ու զարգացումը, որում կարևոր դերակատարություն պետք է ունենան մատենագետները: 

  

Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց գրադարանավարների, մատենագետների և ոլորտի մասնագետների շրջանում, ինչն արտահայտվեց քննարկմանը նրանց ակտիվ մասնակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.12.2022թ.