News
12/12/2022
Հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: 

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և կրթական կառույցների գիտաշխատողներ և մասնագետներ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում ասաց. «Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, բայց, միաժամանակ, համոզված եմ, որ այն ավանդույթները, որոնք նա թողել է ինստիտուտում, շարունակություն կունենան:

Այսօրվա մեր գլխավոր մարտահրավերն անվտանգության խնդիրն է: Ամեն ինչ է դրա մեջ մտնում, և այդ խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Հաջորդ խնդիրը կրթության բնագավառն է: Առանց այդ համակարգի հիմնարար փոփոխության հաջողություններ չենք կարող ունենալ: Ունենք մասնագետների լրջագույն խնդիր, և առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Սա պետք է մեզ համար ուղենիշ լինի»: 

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Վլադիմիր Հարությունյանը եղել է մեր լավագույն տնօրեններից մեկը, ով մեծ ներդում է ունեցել ինչպես ինստիտուտի, այդպես էլ տնտեսագիտության գիտական հիմքերի զարգացման գործում: Նա եղել է բոլորի կողմից  սիրված անձնավորություն»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ Վլադիմիր Հարությունյանի՝  ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ղեկավարման տարիներն առանձնահատուկ են մի շարք երևույթներով: «Բացի հիմնարար հիմնախնդիրներից ինստիտուտը նաև իր խնդիրն էր համարում զբաղվել այն հիմնախնդիրներով, որոնք բխում էին Հայաստանի կառավարության ծրագրերից և, մշակումներ իրականացնելով այդ ուղղություններով, ներկայացնում էր կոնկրետ առաջարկություններ իշխանություններին՝ նպատակ ունենալով ամեն կերպ նպաստել հանրապետության տնտեսության վերելքին», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Գիտական զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողները: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.12.2022թ.