News
29/11/2022
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» գիտապրակտիկ աշխատաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» գիտապրակտիկ աշխատաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի և Հանրապետական երկրաբանական ֆոնդի հիմնադրման 85-ամյակներին:

Աշխատաժողովի նպատակը գիտակրթամշակութային և կիրառական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման շարունակական գործընթացի հզորացումն ու բարելավումն է:

Աշատաժողովի զեկույցները նվիրված են երկրաբանությանը, լեռնային գործին, հանքարդյունաբերությանը, բնօգտագործմանը, թանգարանային և արխիվային գործին, հուշարձանների պահպանությանը, գեոէկոլոգիային, գեոպարկերին և երկրաբանական տուրիզմին: 

Աշատաժողովի շրջանակներում նախատեսվում է հուշագրերի ստորագրում, շնորհակալագրերի և պատվոգրերի հանձնում: 

Աշխատաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրապետական երկրաբանական ֆոնդը: 

ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ. նոյեմբերի 30-ին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի հարուստ և բազմաբովանդակ հավաքածուների ցուցադրման հիման վրա: Ցուցադրության նպատակն էր Մոսկվայում կայացած միջազգային 17-րդ երկրաբանական կոնգրեսի մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի երկրաբանությանը: 

Հանրապետական երկրաբանական ֆոնդը ստեղծվել է Հայկական պետական երկրաբանական վարչությանը կից 1937թ. նոյեմբերի 27-ի ԽՍՀՄ ԺԿ Խորհրդի թիվ 2042 որոշմամբ: Այն ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N 1758-ն որոշմամբ վերակազմավորվել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Հանրապետական երկրաբանական ֆոնդն իրականացնում է՝ ՀՀ ընդերքի վերաբերյալ տեղեկության ընդունում, հաշվառում, պահպանում, պարբերաբար թարմացում, ամբողջականության և մատչելիության ապահովում, երկրաբանական տեղեկության միասնական համակարգի և ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծում ու վարում, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարում, ընդերքօգտագործման իրավունքների պետական հաշվառում, ընդերքի մասին երկրաբանական տեղեկության վերլուծում և տրամադրում պետական մարմիններին: Ֆոնդն իր գործառույթներով ու բնույթով միակն է հանրապետությունում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.11.2022թ.