News
15/11/2022
ԵԳԱԾ-ը հայտարարում է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթ»‎

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթ»‎: Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառների և երիտասարդ գիտնականների գործունեության հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանը։

Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել.

- գիտության հանրայնացմանը և հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի պատկերացումների ձևավորմանն ուղղված նախագծերի իրագործման համար,
- երիտասարդ գիտնականների և/կամ լրագրողների միջև նոր համագործակցային կապերի հաստատման, ինչպես նաև մատչելի հաղորդակցմանը և տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար։

Մրցույթը նախատեսված է գիտության բոլոր բնագավառների համար։ Մրցույթի հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչները։ Հայտատուն և խմբի անդամները կարող են լինել նույն կամ տարբեր կազմակերպությունների ուսանող(ներ) և/կամ աշխատակից(ներ), ՀԿ-ներիդեպքում՝ անդամ(ներ)։

Հայտի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 20-ն է: Հայտերի գնահատումն իրականացվելու է ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից: Գնահատվելու է նախագծի հիմնավորումը, նորարական մոտեցումը, ակնկալվող չափելի արդյունքները, նախահաշիվը, համաֆինանսավորման առկայությունը, գիտության հանրայնացման և/կամ լուսաբանման ուղղությամբ խմբի ունեցած փորձը և ձեռքբերումները։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.11.2022թ.