News
03/11/2022
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Սահակ Գասպարյանը

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Սահակ Գասպարյանը:

Սահակ Գասպարյանը նշեց կենտրոնի առջև ծառացած խնդիրները, որոնցից ամենագլխավորը ջրավազանի տարածքում բազմաբնակարան շենքի կառուցումն է: «Այդ տարածքն ապօրինի օտարվել է, վաճառվել ու մի քանի անգամ վերավաճառվել: Այստեղ ներկայիս սեփականատերը նախատեսել է կառուցել բազմահարկ բազմաբնակարան շենք՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, ինչն անհամատեղելի է գիտական կենտրոնի հետ: Բազմաբնակարան շենքի կառուցումն էականորեն հակասում է սանիտարահիգիենիկ, հրդեհային անվտանգության և քաղաքաշինական նորմերին ու կանոններին, հետևաբար, մեծածավալ շինարարական աշխատանքներից առաջացած աղմուկը, փոշին, ցնցումները կխաթարեն Կենտրոնի բնականոն աշխատանքը և անվտանգությունը»,- ասաց նա:

Ներկայացնելով Կենտրոնում ընթացիկ և առաջիկայում ծրագրվող աշխատանքները՝ Սահակ Գասպարյանը ասաց, որ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում կատարվող հիմնական գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց նախատեսվում է իրականացնել Հայաստանում արտադրվող և ներմուծվող սննդի, տարատեսակ նյութերի և այլ ապրանքատեսակների որակի հսկողություն: Նախատեսվում է «Կենսաբանական բաժնի» վերականգնում՝ ստեղծել լաբորատոր կենդանիների բուծարան և զբաղվել գծային լաբորատոր կենդանիների բուծմամբ: Մտադիր են կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան բժշկակենսաբանական հետազոտությունների կլինիկա լաբորատոր կենդանիների համար: Կխորացվի համագործակցություն Հայաստանի և արտասահմանյան երկրների գիտահետազոտական հաստատությունների հետ: Կշարունակվի Կենտրոնի կողմից մենագրությունների, ժողովածուների տպագրությունը, կիրառական նշանակություն ունեցող նյութերի և միացությունների սինթեզի մշակումը, արտադրության կազմակերպումն ու վաճառքը, երիտասարդ կադրերի պատրաստումը:

Սահակ Գասպարյանը ծնվել է 1963թ. Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: 1999թ. պաշտպանել է «Բնական հակաուռուցքային հակաբիոտիկ սարկոմիցինի նոր ածանցյալների սինթեզը  և հատկությունները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի  աստիճան: 2018թ. պաշտպանել է «Հետազոտություններ 2-արիլ-և 2-հետերիլպիրոլիդինների ուսումնասիրության բնագավառում» թեմայով դոկտորական ատենախոսությունը և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Նրա գիտական հետաքրքրություններն են՝ օրգանական քիմիա, դեղագիտական քիմիա, միջֆազային կատալիզի ռեակցիաներ, քիմիական կառուցվածք-կենսաբանական ակտիվություն կապի ուսումնասիրում, 5- և 6-անդամ հետերոցիկլիկ միացություններ:

Սահակ Գասպարյանը 1999-2001թթ. եղել է «Liquor Pharmaceuticals» դեղագործական ընկերության քիմիկ-տեխնոլոգ, 1984թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում՝ հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիայում՝ սկսելով որպես կրտսեր գիտաշխատող, ապա 2009թ-ից դառնալով լաբորատորիայի վարիչ: 2022թ. նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:  

Սահակ Գասպարյանը 75 գիտական աշխատանքի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03.11.2022թ.