ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մայիսի 22-26-ին անցկացնում է «Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ-2017» խորագրով երիտասարդ գիտնականների վեցերորդ միջազգային դպրոցը:
Դպրոցի հիմնական նպատակն է համախմբել մանրէների և տիրոջ օրգանիզմի փոխազդեցություններով զբաղվող երիտասարդ գիտնականներին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել սեփական հետազոտությունների արդյունքները հանրաճանաչ գիտնականների հետ, ստանալ նոր գիտելիքներ նշված բնագավառում և ստեղծել համագործակցության նոր ուղիներ:
Դասախոսություններով հանդես կգան` պրոֆեսոր Բանա Ջաբրին (Չիկագոյի համալսարան, ԱՄՆ), պրոֆեսոր Դիանա Բարբերը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ), պրոֆեսոր Ալեքս Հաջնալը (Ցյուրիխի համալսարան, Շվեյցարիա) և դոկտր Հայկ Էսկանդարյանը (Դաշնային ճարտարագիտական դպրոց, Շվեյցարիա): Վեցերորդ դպրոցում ներկայացվելու են առողջ և հիվանդ պայմաններում աղիքային մանրէների դերի վերաբերյալ նորագույն նվաճումները և մոտեցումները:
Դպրոցին մասնակցելու են ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ հայաստանյան և արտերկրյա գիտական կենտրոններից:
Հնգօրյա դպրոցն անցկացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
Դպրոցի բացումը տեղի կունենա մայիսի 22-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի դահլիճում (ք. Երևան, 0014, Հասրաթյան 7, 2-րդ հարկ):
20.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն