| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը: Գիտական նստաշրջանին մասնակցեցին արվեստագետներ, թատերագետներ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ասաց. «Ներկայում շատ բան է փոխվել: Թատրոնը, բացի էսթետիկ հաճելի պահեր պարգևելուց, ունեցել է նաև ասելիք: Հենց ասելիքին է վերաբերում փոփոխությունը՝ ինչ էին փորձում ասել նախկինում, ինչ են փորձում ասել այսօր: Ես կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ կդառնա նստաշրջանի քննարկման նյութը, որը կվերաբերի թատերական արվեստի մակարդակին, նրան, թե ինչ է ասում ժամանակակից թատրոնը՝ արդյոք այն նպաստում է ժամանակակից մարդու վարքի կանոնակարգմանը, դաստիարակությանը, զարգացմանը: Եթե թատրոնը կարողանում է այդ խնդիրները լուծել, ուրեմն կարելի է ասել, որ իր գործն անում է: Լրահույս եմ, որ գիտական նստաշրջանի արդյունքները նոր շունչ կտան մեր ազգային թատրոնին, մեր թատերական գործիչներին»: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ այս միջոցառմամբ Արվեստի ինստիտուտը սկսում է արդի հայ արվեստի խնդիրներին նվիրված գիտական միջոցառումների շարք: «Մեր արվեստի բոլոր ճյուղերում կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ: Անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք համախմբվել ստեղծագործական միությունների հետ և քննարկել մեր խնդիրները, նշել ձեռքբերումները, անդրադառնալ մարտահրավերներին և գտնել լուծման ուղիները», - ասաց Աննա Ասատրյանը: Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոսկվինն ասաց. «Անհրաժեշտ է արձանագրել՝ ինչ է կատարվում թատերական աշխարհում, գտնել լուծումներ առաջխաղացման համար, անել հաջորդ քայլը»: Ըստ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանի՝ նստաշրջանը գիտական, ուսումնական, ստեղծագործական կազմակերպությունների համագործակություն է, ինչը կարող է լավ արդյունք և շարունակություն ունենալ: «Արդի թատրոնը միշտ փնտրտուքների մեջ է եղել, որովհետև փորձել է համընթաց քայլել կյանքի հետ, որոշակի պատասխաններ տալ կյանքի խնդիրներին, լուծումներ գտնել: Ես շնորհակալություն եմ հայտնում գիտաժողովի կազմակերպիչներին և հաջողություն ցանկանում բոլորին», - ասաց Լիլիթ Արզումանյանը: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց. «Ես կասած չունեմ, որ այս գիտական նստաշրջանը լուրջ ազդեցություն կթողնի ժամանակակից թատրոնի վրա՝ նկատի ունենալով, որ այն շարունակական է լինելու, հետագայում կարող է լուրջ քննարկումների արդյունք դառնալ և աջակցել արդի թատրոնի զարգացմանը»: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց. «Լիահույս եմ, որ այս նստաշրջանը պետք է տա նոր մտքեր, նոր գաղափարներ, առողջ քննարադատություն: Այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ աշխարհի հետ հարաբերվելու: Մեզ մնում է առավել ամրացնել մեր մոտեցումները»: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի համաձայն՝ պետք է նախապատրաստել հաջորդ սերունդը, որը սիրով կգա թատրոն: «Մենք պետք է շատ խոսենք խնդիրներից, պետք է տեսնենք խնդիրները, իսկ խնդիրը որ տեսնում ես, պետք է անմիջապես լուծում տաս», - ասաց նա: «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: |