News
22/09/2022
Ծաղկաձորում անցկացվում է «‎Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ»‎ միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 19-23-ը Ծաղկաձորում անցկացվում է «‎Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ»‎ միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը և Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն Սերգեևը, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանը: 

Գիտաժողովի լիագումար նիստերի և «Մաթեմատիկական անալիզ» և «դիֆերենցիալ հավասարումներ» սեկցիաների ընթացքում Գերմանիայի Բրեմենի համալսարանի, Փարիզ-Էստ Մարն-լա-Վալե համալսարանի, Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի, Բելգիայի Գենտի համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, ՌԳԱ Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի, ՌԳԱ Մարչուկի անվան հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտի, ՌԳԱ Համալիր գիտահետազոտական ինստիտուտի, Սոբոլևի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Հարավային դաշնային համալսարանի, Սիբիրի դաշնային համալսարանի, Լեոնարդ Էյլերի անվան միջազգային մաթեմատիկական ինստիտուտի, Ռուսական պետական հումանիտար համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Կազանի դաշնային համալսարանի, Յարոսլավլի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 50 գիտնականներ հանդես են գալիս զեկուցումներով:

Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, «Journal of Mathematical Sciences (Springer Nature)» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը ներկայացրել է ամսագրի գործունեությունը:

Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի պատվիրակությունը՝ պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցի գլխավորությամբ, սեպտեմբերի 18-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ, որտեղ անցկացվել է ընդհանուր սեմինար: Սեմինարին Ալեքսեյ Կարապետյանցը և նրա որդին՝ մաթեմատիկոս Միխայիլ Կարապետյանցը, հանդես են եկել գիտական զեկուցումներով: «‎Հայաստանի հետ մենք ունենք հին և ամուր կապեր՝ սկսած 2003թ-ից: Այդ ժամանակվանից տարբեր ձևաչափերով համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի հետ և փորձում ենք այդ ամենն ավելի զարգացնել», - նշել է Ալեքսեյ Կարապետյանցը:‎

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.09.2022թ.