News
30/05/2022
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2021թ-ի գիտական կարևոր արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ինստիտուտներում 2021թ-ին կատարվել են հիմնարար ու կիրառական բնույթի հետազոտություններ, ստացվել գիտական կարևոր արդյունքներ:

Կարևոր արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Հարմոնիկ անալիզում քաջ հայտնի good-lambda տիպի անհավասարությունները բնութագրում են երկու օպերատորների միջև որոշակի փոխհարաբերակցություն։ «On good-lambda inequalities for couples of measurable functions» աշխատանքում ներմուծվել է good-lambda անհավասարությունների երկու լայն դաս, որոնք ընդգրկում են մի շարք հայտնի անհավասարություններ։ Կիրառելով ստացված արդյունքները՝ բացահայտվել են հարմոնիկ անալիզի որոշ օպերատորների նոր հատկություններ, մասնավորապես՝ ստացվել է Կարլեսոնի տիպի օպերատորների նոր էքսպոնենցիալ գնահատական:

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

  • Գծային դեֆորմացվող Կորենևի մի հիմքի համար, որի ազդեցության ֆունկցիան արտահայտվում է զրոյական ինդեքսով Մակդոնալդի ֆունկցիայով՝ կախված երկու կետերի հեռավորությունից, դիտարկված կոնտակտային խնդիրներում, ցույց է տրվել, որ կոնտակտային տիրույթի եզրագծում գործում են կենտրոնացված ուժեր: Կոնտակտային լարումների սահմանափակության համար ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ:
  • «Ալիքային և տատանողական պրոցեսների կառավարումը խողովակաշար համակարգերում» թեմայի շրջանակում կատարվել են ուսումնասիրություններ միջին հզորության և ճնշման ռեակտիվ շառավղաառանցքային հիդրոտուրբինների պարուրակաձև խցերում, աշխատանքային անիվների խոռոչներում և ուղղորդող սարքերում ալիքային դիմադրությունը փոքրացնելու նպատակով։ Մշակվել են մեթոդիկա և միջոցներ, որոնք զգալիորեն նվազեցնում են էներգիայի ծախսը հիդրոտուրբինով հեղուկի հոսքի անցման ժամանակ: 

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկա և ավտոոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Ապացուցվել է մրցաշարերի d–ուժեղ համակապակցվածության մասին հետևյալ թեորեմը, որը բարելավում է տարբեր հեղինակների կողմից ստացած նմանատիպ մի շարք արդյունքներ՝ դիցուք T-ն p–գագաթանի m-անհամասեռ մրցաշար է, որտեղ p+m≥11: Եթե m≤1/3 (p-5) (համապատասխանաբար m≤1/5 (p-3)), ապա T–ն 4–ուժեղ համակապակցված է (համապատասխանաբար 3–ուժեղ համակապակցված է կամ պատկանում է լավ նկարագրված մրցաշարերի մի բազմության):
  • E–ունակություն–անորոշություն տիրույթն ու E–գաղտնիության ունակություն նոր հասկացությունները ներդրվել և ուսումնասիրվել են գաղտնալսվող կապուղու համար։ Կառուցվել են համապատասխան տիրույթների արտաքին և ներքին գնահատականները: Դիտարկվել են նաև ընդհանուր մոդելի հատուկ դասերը, և կառուցվել են դրանց գնահատականները:

Կիրառական աշխատանքների արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

  • Առանցքի նկատմամբ ամրանավորման ուղղության սիմետրիկության սկզբնական խախտմամբ շերտավոր ապակեպլաստե բարակապատ խողովակների բաբախող առանցքային ձգման կամ պարզ ոլորման ենթարկվելու դեպքում առաջացող էներգիայի ընդհանուր կորուստը տրոհվել է երկու բաղադրիչի՝ հիմնական դեֆորմացիաներից առաջացող էներգիայի կորուստ և կորուստ՝ պայմանավորված հիմնականներին ուղեկցող դեֆորմացիաների առաջացմամբ: 

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Մարգարյանի շրջահայացության աստղագիտական տվյալների վերլուծության համար մշակվել են տվյալների վերլուծության ծառայություն և մեթոդ, որոնց օգնությամբ հայտնաբերվել և դասակարգվել են մի քանի միլիոն սպեկտրներ:
  • Մշակվել են Dask զուգահեռ Python և Kubernetes հարթակներն ամպային ենթակառուցվածքում: Dask-ը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել սեփական ծրագրակազմը՝ համաձայնեցնելով այլ համայնքային նախագծերի հետ, ինչպիսիք են NumPy-ը, Pandas-ը և scikit-learn-ը, մինչդեռ Kubernetes-ը կառավարում է կոնտեյներների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ծառայությունները: I/O-ի և պրոցեսորի միջև օպտիմալ փոխզիջում գտնելու համար ստեղծվել է արդյունավետ ծառայություն՝ օգտագործելով մեծ տվյալների համար տվյալների սեղմման ալգորիթմներ: 
  • Հայկական խորանարդում մշակվել են օդի ջերմաստիճանի մշտադիտարկումը և կանխատեսումը, ջրային մարմինների առափնյա գծի ուրվագծումը, օդի աղտոտիչների կոնցենտրացիայի մոնիթորինգի ծառայությունները: Ծառայությունները գնահատվել են Արարատյան դաշտում մակերևութային օդի ջերմաստիճանի արդյունահանման, Սևանա լճի առափնյա գծի գծանշման և օդի NO2 աղտոտիչի մակարդակի մոնիթորինգի միջոցով:
  • Մշակվել է ծրագրային լուծում տվյալների RDF-ի ձևաչափով բեռնման, նրանց պահպանումը բաշխված ֆայլային համակարգում կամ փոխարկումը Property Graph-ի: Այդ տվյալների հիման վրա հետազոտվել է հայտնի ալգորիթմների կիրառումը:
  • Հետազոտվել են տարաբաշխված տեսակոնֆերանս համակարգերի ծանրաբեռնվածությունը բաշխող մեթոդները: Հետազոտությունների կիրառման արդյունքում արդիականացվել է MEET.ASNET.AM տեսակոնֆերանս հարթակը:
  • Փորձարկվել է eduroam համակարգի գաղտնաբառի ստուգումն իրականացնող freeradius IMAP connector-ների նոր լուծում: Հետազոտվել են Telegram Bot համակարգերը: Ստեղծվել են ցանցային սերվերների alert-ների ծանուցման փորձնական համակարգեր գործող ցանցային ծառայությունների համար:
  • GEANT-ի եվրոպական գործընկերների հետ հետազոտվել և փորձարկվել է eduroam համակարգի աշխատանքի մոնիթորինգի WiFiMon լուծումը:
  • Շարունակվել են ASNET-AM ցանցի DNS, էլփոստի և վեբ-սերվերների անվտանգության բարձրացման աշխատանքները։ Արդիականացվել են ASNET-AM ցանցի միասնական վեբ փոստի, էլեկտրոնային փոստի կառավարման համակարգը և ASNET-AM DNS համակարգերը:
  • Հետազոտվել է մարդու եռաչափ մոդելի ոսկրային համակարգի ավտոմատ կառուցման համակարգը։ Մշակվել է ծրագրային ապահովման նախատիպ, որը թույլ է տալիս հատուկ դիրքով (A-Pose) կանգնած մարդու մոդելին ավելացնել ոսկրային համակարգ, որին հետագայում հնարավոր կլինի հաղորդել շարժունակություն՝ անիմացնել։ 
  • Մշակվել է ծրագրային ապահովման մոդուլ, որը թույլ է տալիս ոսկրային համակարգ ունեցող շարժական եռաչափ մոդելի Unreal Engine համակարգով ստեղծված և արդեն կոմպիլացված պրոյեկտի մեջ բեռնել ոսկրային համակարգ ունեցող, շարժական եռաչափ մոդել, երբ պրոյեկտն արդեն գործարկված վիճակում է։ 
  • Եռաչափ սկանավորման տարբեր մեթոդներ կիրառելի են տարբեր նպատակների համար։ Օրինակ՝ լազերային սկանավորումն ապահովում է ստացվող եռաչափ մոդելի մեծ ճշտություն, ինչը, օրինակ, շենք-շինությունների դեպքում, հնարավորություն է տալիս կիրառել այն ճարտարապետական հաշվարկների մեջ։ Լուսանկարային սկանավորմամբ, ի տարբերություն լազերայինի, հնարավոր է պահպանել սկանավորվող օբյեկտի գույները, սակայն կորցնել մոդելի մեծ ճշտությունը։ Օդալուսանկարային սկանավորման շնորհիվ (հիմնականում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ) հնարավոր է սկանավորվել մեծ տարածքներ և ստացված արդյունքը կիրառել, օրինակ, գեոդեզիական հաշվարկների համար, սակայն կորցնել էլ ավելի մեծ հատվածների ճշտություն։ Մշակվել և կիրառվել են մոտեցումներ, որոնք թույլ են տալիս վերը նշված բոլոր մեթոդների համադրմամբ կատարել տարբեր տեսակի և չափերի շինությունների արդյունավետ սկանավորում անհրաժեշտ ճշտության և գունային սպեկտրի ապահովմամբ: 
  • Ներկայացվել է Վիքիպեդիայի և այլ վիքի նախագծերի միջոցով ստեղծված կրթական էկոհամակարգ, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին շարունակաբար ստեղծագործ կրթվել, իսկ աշակերտներին՝ խորացնել միջառարկայական գիտելիքներն ապագա մասնագիտության ոլորտներում: 
  • TensorFlow խորը նեյրոնային ցանցերի ստեղծման համակարգի օգնությամբ ստեղծվել է պատկերների ճանաչման մոդել։ TensorFlow համակարգի, TensorFlow Hub մեքենայական ուսուցման մոդելների շտեմարանում տեղ գտած մոդելների, ինչպես նաև տարբեր բաց տվյալների շտեմարաններից վերցված տվյալների հիման վրա լուծվել են տեքստի կլասիֆիկացիայի խնդիրները:
  • BERT բնական լեզվի մշակման համար նախատեսված նեյրոնային ցանցերի կիրառմամբ և դրանց վերաուսուցման արդյունքում լուծվել են պարզ հարց-պատասխան տեսակի խնդիրներ։

ՀՀ ԳԱԱ «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ

  • Մշակվել է ջրանցքներում և գետերում ջրի մակարդակի ու հոսքի չափման եղանակ և սարքվածք  ջրային համակարգում ջրառի հաշվառման համար: Ջրանցքներում ջրի ծախսի և քանակի չափման առաջարկվող եղանակն ու սարքվածքը թույլ են տալիս նշված չափումներն իրականացնել մոտ 1% ճշտությամբ: Այս տեխնիկական առաջարկի կիրառելիությունը Սևանա լճից ջրառի քանակի հաշվառման ժամանակ թույլ է տալիս տարեկան տնտեսել 12-17 մլն. խոր. մետր քաղցրահամ ջուր: Սևանա լճից ջրառի քանակի չափման ճշտությունը բարձրացնելու տեխնիկատնտեսական այս առաջարկը ներկայացվել է ՀՀ կառավարություն:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.05.2022թ.