| ||||||||
Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Սերգոյի Հայրապետյանը: Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին, Գյումրի քաղաքում: 1995-2000թթ-ին սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում, 2000-2003թթ-ին եղել է ինստիտուտի ասպիրանտ: 2003թ-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2006թ-ին ստացել է դոցենտի կոչում: 2003թ-ից մինչ օրս Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամ) Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի դոցենտ է, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Նոր պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, 2004թ-ից նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2019թ-ից կենտրոնի տնօրենն է: Արմեն Հայրապետյանը 3 մենագրության, 73 գիտական հոդվածի և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ է: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի զարգացման ծրագիրը՝ Արմեն Հայրապետյանը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել կենտրոնի թեմատիկ աշխարհագրությունը և ակտիվացնել համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն այլ հայագիտական կառույցների հետ: «Անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել միջազգային շրջանակային ծրագրերին մասնակցության համար, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը: Կենտրոնն ունի հնարավորություն ստանձնելու տարածաշրջանային խնդիրների լուծման առաքելություն՝ իր վրա վերցնելով Շիրակի և հարակից շրջանների հայագետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման գործը», - ասաց Արմեն Հայրապետյանը: |