| ||||||||
Ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի պատվավոր հյուրը մեծանուն գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանն էր: ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանի, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանի, Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենի խորհրդական Սամվել Հարությունյանի, Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտնականների ուղեկցությամբ Յուրի Հովհաննիսյանը ծանոթացավ Բուսաբանական այգու հարուստ ու բազմազան բուսական հավաքածուներին: Ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը ներկայացրեց բրածո բույսերի հավաքածուն, որը ներառում է 30 հազար ցուցանմուշ: Ամենահին ցուցանմուշների տարիքը 350 միլիոն տարի է: Կյանքի ծագման տեսությունը Յուրի Հովհաննիսյանի հետաքրքրություններից է: Արսեն Գասպարյանը հյուրերին ծանոթացրեց Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու բարեկարգման ծրագրերին, այդ թվում՝ Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի ստեղծման նախագծին: Հյուրերն այցելեցին Բուսաբանության ինստիտուտի Էկոէպիկենտրոն, ծանոթացան ինտերակտիվ ցուցահանդեսին և կենդանի բույսերի հավաքածուին: «Ես հիացած եմ, որ Հայաստանում՝ Երևանում, կա այսպիսի յուրահատուկ անկյուն և տպավորված եմ այն աշխատանքով, որն իրականացվում է բուսաբանների, գիտնականների կողմից և հիմնված է էնտուզիազմի վրա», - նշեց Յուրի Հովհաննիսյանը:
|